Ի հեճուկս իմ ողջ սկեպսիսին՝ ամերիկյան կինոինդուստրիայի վերջին «բլոքբասթերների» հանդեպ, չեմ կարող չհայտնել իմ հիացմունքը այս փայլուն ֆիլմի նկատմամբ։ Բրեդ Փիթն այս ֆիլմով ևս մեկ անգամ փայլեց որպես հանճարեղ դերասան ու որ ավելի ուշագրավ է՝ ծալեց-քցեց հոլիվուդյան անվանի շատուշատ ռեժիսորների։
Ֆիլմը ստացված է ու ստացված է ամեն առումով, և հատկանշական է, որ չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի մարտական տեսարանները ֆանտաստիկ ռեալիստիկ են, ֆանտաստիկ որակով ու բավական շատ, ես՝ էքշնի ու հատուկ էֆեկտների մեծ սիրահարս, երկրորդական դերակատարություն կհատկացնեի դրանց՝ կոնկրետ այս ֆիլմում։
Մի այլ կարգի դուրս եկավ սյուժեն, դրա ազնվությունն ու անկեղծությունը։ Չկան ամերիկացի սուպեռմեններ, որոնք միշտ բարի են, միշտ ճիշտ ու միշտ անվնաս։ Չկան տուպոյ գերմանացիներ, ովքեր լցնում են տակները, հենց ամերիկացիները մի հատ կրակում են։ Կա իսկական պատերազմ, որ ավելի շատ արյուն է, ցեխ, դաժանություն ու կենդանական մակարդակի հասած զինվոր, քան մաքուր ու գեղեցկադեմ ամերիկացի հերոս։
Չեմ ուզում սյուժեն պատմել, չեմ ուզում ինտրիգը ֆիլմի կոտրեմ, բայց ասեմ, որ վերջին մի քանի տարիների, եթե չասեմ մի քանի տասնամյակի, լավագույն ֆիլմն է պատերազմի մասին, որը ես մեծ հաճույքով կնայեի (ու նայելու եմ) նորից ու նորից:
Փայլուն ռեժիսուրա, փայլուն դերասանական խաղ, փայլուն սյուժե, փայլուն էֆեկտներ ու փայլուն և իմաստալից ֆիլմ։ Անվերապահորեն խորհուրդ եմ տալիս նայել այն բոլորին, հատկապես պատմական-պատերազմական ժանրի սիրահարներին։



