Ինչքան ուզում է Լոռու մարզից ահազանգեն Վանաձորի խանութներում ձվի դեֆիցիտի ու կրկնակի թանկացման մասին, միևնույնն է, «վերևներում» իրենց «ճշմարտությունն» ունեն, ու նոյեմբերի 4-ի Հ1-ի տնտեսական հավելվածը հասարակությանը կիսատ-պռատ փոխանցեց թռչնաբույծների միության նախագահի «մեսիջը» (որ ավելի վաղ էլ մայրաքաղաքային որոշ կայքերի էր փոխանցվել), թե «ձվի դեֆիցիտ չկա»: Եվ միայն նոյեմբերի 5-ին Հ1-ով ամբողջացվեց թռչնաբույծների միության նախագահի «համ նալին, համ մեխին» պատճառաբանությունը. «փաստացի թանկացում չկա», բայց խոշոր ձվերի գինը բարձրացել է կալորիականության պատճառով: «Հարազատ թշնամու» Կարպիչի ասած՝ «վախ», էդ խոշոր ձվերը մի՜շտ էլ իրենց խոշորության ու «հասատագլխության» կամ «պնդաճակատության համար էլ թանկ են եղել , բայց 2 ամիս առաջ դրանց գինը 40-50 դրամից ավել չի եղել, հիմա էդ ի՞նչ պատահեց, որ կամաց-կամաց հասցրին 80-90 դրամի: Ի դեպ, այդ գնի տակ ոչ միայն խոշոր ձվերն են վաճառվում, այլև մանրերը, այն էլ՝ առանց մակնշման, բացօթյա առևտրի կետերում: Ինչ վերաբերվում է դեֆիցիտին (որի վկայությունը դատարկ արկղերի վրա գրված գներն են, որին արդեն իսկ անդրադարձել ենք), ապա այն հիմնականում խանութներում է. այն էլ՝ կենտրոնական խանութներում, և, թերևս, պատճառն այն է, որ խանութատերերը, որոնք ապրանքի համար եկամտահարկ են վճարում, մտավախություն ունեն, որ բարձր գնի պատճառով ձուն կարող է չսպառվել, ու ստիպված լինեն դրանց հնացած լինելու համար պատասխան տալ, ուստի քիչ են ներկրում, շուտ էլ սպառվում է, իսկ փողոցում վաճառվող ձվերից եկամտահարկ չի գանձվում: Ամենայն հավանականությամբ, ձվի կրկնակի թանկացման պատճառը հունվարից նախատեսվող աշխատավարձերի մանր-մունր ավելացումներն են ու որոշ խավերի հատկացվող նպաստների բարձրացման հանգամանքը, ուստի, ինչպես միշտ, որոշել են «էն գլխից» 1-ին անհրաժեշտության սննդամթերքի գինը բարձրացնել ձմռան շեմին. սա առնվազն սադիստություն է ժողովրդի հանդեպ, որի սոցիալական ծայրահեղ վիճակն էլ նպաստում է հանրահավաքների բազմամարդությանը: Մի հատ հարցումներ արեք խանութների մոտ կամ շուկայում ՝ նորմա՞լ երևույթ է 80-90 դրամով ձու (այսպես կոչված «տնականն» էլ 100-120 դրամ) վաճառելը, հետո էլ «մխիթարելը», թե «գիտե՞ք, Նոր տարուն ձուն չի թանկանա»)։ Անցած տարի այս նույն ժամանակաշրջանում էլ ձուն հասցրին 60-70 դրամի ու ասին՝ «գիտե՞ք, Նոր տարուն էլ չի թանկանա», իսկ Նոր տարվա շեմին ու դրանից հետո էլ ձուն հասավ 80 դրամի, ու մոտ մեկ ամիս այդ գինը պահպանվում էր:...... Ի դեպ, 4-5 տարի առաջ որոշ արտադրողներ շուկա էին հանել նույն խոշորության (ինչ որ այսօր են վկայակոչում թռչնաբույծները ) ձվեր՝ 20-25 դրամով (տեղ-տեղ անգամ 10 դրամով էին վաճառվում, որի ապացույցները մամուլում էլ կան): Այն ժամանակ ՏՄՊՊՀ-ն տուգանեց որոշ ձու արտադրող ընկերությունների՝ «դեմպինգային» քաղաքականության և, իբր, մրցակիցներին վնասներ հասցնելու համար: Դե հավանաբար տեղական արտադրողներն էլ որոշեցին այլևս նման «ղալաթ» չանել՝ ի շահ ժողովրդի, այլ գործել ի շահ «մաֆիայի» անմահության կամ ի շահ ՏՄՊՊՀ-ի, որի նախագահն ու անդամները պետբյուջեից մինչև 700 հազար դրամ աշխատավարձ են ստանում. ինչ-որ մի տեղից պետք է փոխհատուցվի՞ այդ գումարը. «բնականաբար», «ամենահարմարը» ժողովրդի գրպանն է ու նրանից կորզվող հավելյալ գումարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել