Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևանները շարունակ բողոքում են աղմուկից։ Բանն այն չէ, որ նրանք բնակվում են աղմկոտ թաղամասերում, որտեղ խնջույքների բարձր երաժշտությունից կամ մեքենաների ազդանշաններից տեղուդադար չկա։ Այս դեպքում աղմկարարները հարևան տանը բնակվող առյուծներն են։ Հարևանները բողոքում են, որ Մհեր Սեդրակյանն իր երևանյան տանն առյուծներ է պահում՝ իբրև տնայի կենդանի։ Առյուծներն էլ շարունակ մռնչում են՝ խաթարելով հարևանների անդորրը։

Որքան էլ որ զարմանալի լինի, Սեդրակյանի հարևանների մտահոգությունը շատ հայեր են կիսում։ Որոշ մեծահարուստների համար մասնավոր կենդանաբանական այգիներում, այսինքն՝ իրենց իսկ տանը առյուծներ ու վագրեր պահելը հոբբի է դարձել։ Կառավարությունն էլ կարծես առանձնապես շահագրգռված չէ քայլեր ձեռնարկել մասնավոր կենդանաբանական այգիների ապօրինությունների դեմ։
Դեռ ավելին, վայրի բնության վերաբերյալ օրենսդրության մեջ վերջերս կատարված «բարեփոխումները» ասես նպաստում են այս հոբբիի տարածմանը։ Ներկայումս քաղաքացիներին թույլատրվում է վայրի կենդանիներ, այդ թվում՝ վտանգված կենդանատեսակներ պահել։ Միայն թե այդ անձինք պարտավորվում են կենդանիներին պահել այնպիսի տարածքում, որտեղ կերաշխավորվի նրանց կյանքը, առողջությունն ու ապահովությունը, և որից կենդանիները չեն կարողանա փախչել։ Օրենքի համաձայն՝ կենդանիները պետք է մշտական վերահսկողության տակ գտնվեն։
Անգամ այս անհեթեթ օրենքի դրույթները չեն պահպանվում կենդանասեր մեծահարուստների կողմից։ Անցյալ տարվա նոյեմբերին վագրի ձագեր հայտնաբերվեցին Էջմիածնի փողոցներում։ Թեպետ վագրերի արտահանումը վայրի բնությունից արգելված է, դրանց ներկրումը կենդանաբանական այգիներից թույլատրվում է օրենքով։
2008-2013 թթ. 6 վագր է ներկրվել Հայաստան, այդ թվում՝ երեք սիբիրյան վագր Ուկրաինայից և մեկական վագր Բելգիայից, Չիլիից ու Ղազախստանից։ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Հովհաննես Մկրտչյանը նշել է, որ պահանջվում է նաև կենդանիների տեղափոխումը թույլատրող CITES վկայական (Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա)
Այնուամենայնիվ, ըստ «Hetq.am»-ի հրապարակումների՝ Հայաստան ներկրված ոչ բոլոր էկզոտիկ կենդանիներն են գրանցվում CITES-ի տվյալների բազայում։ Օրինակ՝ ամանորին ընդառաջ Հայաստանի սուպերմարկետներում վաճառվող կոկորդիլոսների ներկրման մասին CITES-ի բազայում ոչ մի հիշատակում չկա։
Այնուամենայնիվ, այնտեղ այլ հրապարակումներ կան Հայաստան ներկրված էկզոտիկ կենդանիների մասին։ Մասնավորապես նշվում է, որ 2008-2013 թթ. Արաբական Միացյալ Էմիրություններից ու Հարավային Աֆրիկայից 18 վագրակատու է ներկրվել Հայաստան։ Նույն ժամանակահատվածում ներկրվել է 9 առյուծ։ 2009-2010 թթ. Հայաստան է ներկրվել 41 ֆեննեկ աղվես։ Այս աղվեսները Սահարայի բնիկ կենդանիներն են համարվում։ 2012 թ.-ին Հարավային Ամերիկայից Հայաստան է ներկրվել 21 նանդու։

Անմիջապես պարզ չէր՝ արդյո՞ք այս կենդանիները նախատեսված էին Երևանի կենդանաբանական այգու համար։ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ կենդանաբանական այգու աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի կենդանաբանական այգին համապատասխանի միջազգային ստանդարտներին, ապա ափսոսանք հայտնեց, որ Հայաստանը վատ համբավ է ձեռք բերել վայրի կենդանիների ապօրինի առևտրի պատճառով։
Որոշ մարդկանց պատճառով Հայաստանը միջազգային ասպարեզում ձեռք է բերել վատ համբավ՝ կապված կենդանիների ապօրինի առտրի հետ։
«Hetq.am»-ի լրագրողական հետաքննությունից հետո կառավարությունը քրեական հետաքննություն սկսեց կենդանիների ապօրինի ներկրման մութ էջերը բացահայտելու համար, սակայն հետաքննության արդյունքները մինչ օրս չեն հրապարակվում։
Էկզոտիկ կենդանիների սիրահարների թվում է Հայաստանի ամենահզոր քաղաքական գործիչներից մեկը՝ ԲՀԿ առաջնորդ և միլիոնատեր բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը։
2009 թ.-ին շշուկներ տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանի երևանյան բնակավայրում, որում մասնավոր կենդանաբանական այգի կա, առյուծների հետ նույն վանդակում ավանակ է պահվում։ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հերքեց Ծառուկյանի առնչությունը տվյալ դեպքի հետ, սակայն նշեց, որ Ծառուկյանը մոտ երկու տասնյակ առյուծներ ու սպիտակ վագրեր ունի, որոնք պահվում են գերազանց պայմաններում։
Ծառուկյանը միակը չէ, ով հատուկ սեր է տածում վայրի կենդանիների նկատմամբ։ Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Էջմիածնի իր մասնավոր կենդանաբանական այգում վագրեր, առյուծներ, արջեր ու զանազան թռչուններ է պահում։ Ըստ «Hetq.am»-ի՝ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում հավանաբար մի անատամ վագր է պահում՝ իբրև տան պահապան։ Շատերը կարծում են, որ անցյալ տարի Էջմիածնում թափառող վագրի ձագը հենց գեներալին էր պատկանում, սակայն վերջինս չի արձագանքել այս պնդումներին։
Բնապահպաններն ասում են, որ կառավարությունը չի պատասխանել իրենց խնդրանքներին, երբ նրանք ցանկացել են տեսնել այն վտանգված շագանակագույն արջերին վերաբերող փաստաթղթերը, որոնք ենթադրաբար պատկանում են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին։ Այնուամենայնիվ, գյուղատնտեսության նախարարության աշխատակից Մկրտչյանը նշում է, որ ամեն ինչ կատարվում է ըստ օրենքով նախատեսված ընթացակարգերի։ Նա ասել է.
Մենք անում ենք ամեն ինչ մարդկանց ապահովությունը երաշխավորելու համար։
Սակայն դա միշտ չի հաջողվում։ 2012 թ.-ին Թուրքիայի սահմանի մոտակայքում մի առյուծ հարձակվեց 2 տարեկան երեխայի վրա ու ծանր վնասվածքներ պատճառեց փոքրիկին։ Ենթադրվում է, որ այդ առյուծի տերը ոստիկանության նախկին գնդապետ է։ Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ «Վայրի բնության մասին» օրենքը պարզապես չի գործում։ Հայաստանի տարբեր ռեստորանների կերակրացանկում ընդգրկված է արջի, վարազի ու եղնիկի միս, թեպետ սրանք վտանգված կենդանիներ են Հայաստանում։ Ադամյանը հավելել է, որ քաղաքացիական հասարակության խմբերը չեն կարող միայնակ զբաղվել այս խնդրով։
Ոլորտը կառավարվում է որոշ ազդեցիկ մարդկանց կողմից, մինչ հասարակությունն այնքան զբաղված է այլ խնդիրներով, որ այս հարցերի համար պարզապես ժամանակ չի մնում։
Խնդրով անհանգստացած անձինք ու կազմակերպությունները կառավարությանը մեղադրում են վտանգված կենդանատեսակների ապօրինի ներկրման ու առևտրի վրա աչք փակելու մեջ, իսկ կառավարությունը հաճախ հրաժարվում է անգամ մեկնաբանել այս մեղադրանքները։



