Newmag.am-ը գրում է.
newmag-ի խնդրանքով ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը շարունակում է զրուցել երիտասարդ ու խոստումնալից դերասանների հետ:
Սո՛ս, ուզում եմ շատ անսպասելի հարցից սկսել: Ասա, խնդրեմ, ինչո՞ւ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը»:
Նախ ասեմ, որ ինձ համար շատ դժվար է այդպես միանշանակ պատասխանել` որն է ամենասիրած գիրքը, որովհետև չի կարող լինել ամենասիրած, եթե աշխարհում կան շատ գլուխգործոցներ: Պարզապես այն շատ արդիական էր այդ պահին: Ես վերընթերցում էի ու հենց այն պահին, երբ գիրքն ավարտել էի, այդ ժամանակ պատասխանն այդպես եկավ:
Թարգմանիչը Զավեն Բոյաջյանն է, որը բազմաթիվ հաջող թարգմանություններ ունի: Շա՞տ ես կարդում:
Ինձ մոտ շրջաններով է: Մի ժամանակ կարող է որևէ բան չանեմ, մեկ այլ շրջանում անընդհատ անեմ, բայց չեմ ուզում որ ընթերցանությունն առօրյայիցս բացակայի:
Շատ պատահաբար տեսա «11:41» ֆիլմի թրեյլերը:
Ֆիլմը դեռ ամբողջովին պատրաստ չէ: Միայն թրեյլերն է նկարահանած, Սպիտակի երկրաշարժի մասին է: Այն համատեղ ռուսական արտադրանք է:
Ո՞վ է ռեժիսորը:
Արտակը Զիլֆիմյան:
Դու ի՞նչ դեր ես խաղում:
Խաղալու եմ լրագրողի դեր, որը Երևանից գնում է այնտեղ նյութեր պատրաստելու: Տեսնելով, թե ինչ է կատարվում, մոռանում է մասնագիտությունը, անցնում է զուտ մարդկային հոգատարության՝ մարդկանց հանդեպ:
Կարևորո՞ւմ ես նման դերերը:
Բավականին: Միանշանակ խաղալ այն դերը, որը քո ներքին արդարացումներն ունի, այսինքն՝ քեզ համար հասկանալի է նրա արժեքային համակարգը, դա ավելի է հեշտացնում, որովհետև զուգահեռներ ես տանում նաև քո կյանքի, քո անցյալի հետ: Դերասանության մեջ ինձ համար կարևորն էմոցիոնալ հիշողությունն է:

Դու չունես դերասանական կրթություն: Դա քեզ օգնո՞ւմ է, թե՞ խագարում: Ի՞նչ ես արել այդ բացը լրացնելու համար:
Շատ մեծամիտ կհնչի, որ ասեմ բացարձակ չի խանգարում, բայց երևի այդպես է: Կամ խանգարում է, ես չեմ զգում: Իմ հետևողականության շնորհիվ կրթություն ստացած դերասանների սխալներն եմ տեսնում, որ տվել է հենց կրթությունը, մեկ-մեկ ուրախանում եմ, որ կրթություն չունեմ: Բացը փորձում եմ լրացնել՝ ուսանողական տարիներից ներկայացումների մեջ խաղալով:
Ջիմ Քերի, Քեմերոն Դիաս, Ջոնի Դեպ… դերասաններ, ովքեր ևս կրթություն չեն ստացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե մարդը տաղանդավոր է, ինքնակրթությունը կարող է տալ ավելի մեծ արդյունք և հնարավորություններ, քան շատ ինստիտուտներ: Այն ընտանիքը, որտեղ դու կաս, որտեղ մեծացել ես, կարևոր է: Ինչպիսի՞ն է Կարեն Ջանիբեկյանի ազդեցությունը:
Շատ մեծ, նախ որպես հայր, որպես ընկեր, եղբայր, որպես տղամարդու տեսակ, որը դաստիարակություն է տվել ինձ որպես տղամարդու և հետո՝ որպես դերասանի: Եթե ես նույնիսկ չլինեմ էլ սուբյեկտիվ, Կարեն Ջանիբեկյանին կհամարեի մի սերնդի, և ինչու չէ, միշտ, լավագույն դերասաններից: Էն մթնոլորտը, որտեղ մեծանում ես, գեղեցիկի, իրականի ու տարբերվողի հանգամանքն է, որովհետև հայրս երբեք չի վախեցել տարբերվելուց, երբեք չեն վախեցել գեղեցիկի մասին բարձրաձայնել ու իրականը չթաքցնել: Իսկ այսօր իրականությունը մեծ մասամբ թաքնված է:
Քո սկիզբն օպերատորական կրթությունն էր, չէ՞:
Երբ որ որոշում էինք գործերս տալ դերասանական, մայրս ասաց՝ ինքը դերասան կդառնա, բայց թող ուրիշ մասնագիտություն էլ ձեռք բերի: Այն ժամանակ չկար տարածություն, որտեղ դերասանները գործեին. բոլորն արտագաղթել էին, այլ մասնագիտությամբ էին զբաղվում: Իսկ հայրս, երբ տեսել էր ներկայացումն ութերորդ դասարանում՝ «Պրոմեթևսը», ասել էր՝ իմ տղան պետք է դերասան դառնա, բայց կողմ էր մորս որոշմանը, որն այն ժամանակ շատ արդիական էր: Եթե չկարողանամ զբաղվել դերասանությամբ, գոնե հաղորդումներ միշտ կնկարեմ:

Կադրի տեսակետից շա՞տ պահանջկոտ ես, այ հիմա էլ քեզ դուր չեկավ աթոռը և դիտանկյունը, տեղափոխվեցիր: Նկարահանման հրապարակում պահանջկո՞տ ես և կարող ես երկխոսության մե՞ջ մտնել օպերատորի հետ:
Գրեթե միշտ: 5 տարի, երբ նկարահանվում էի սերիալում, 90 տոկոսով հետևել եմ կադրերին, որտեղ եղել եմ, նույնիսկ կադրերին, որտեղ չեմ եղել: Հետևողներ կային, իրենք իրենց գործը լավ էին անում, բայց ես միշտ փորձել եմ մասնակցել դրան:
Իսկ դա խանգարո՞ւմ, թե՞ օգնում է: Այսինքն՝ լարվում ես այն մտքից, երբ գիտես, որ կադրում կարող է ինչ որ բան լինել, որը սրտովդ չի լինի:
Հա, լարվում ես: Եթե իմ գործն ինչ-որ մեկի շնորհիվ պետք է երևա կիսով չափ կամ չերևա, կարծում եմ, որ, ընդհակառակը, պետք է կրկնապատկվի: Համաշխարհային ֆիլմերում դերասանի փոքրիկ խաղը երաժշտությամբ, կադրով, ռեժիսորի աշխատանքով, գունային կորեկցիայով արդյունավետությունը մի քանի անգամ կրկնապատկվում է: Հայաստանում մեծ մասամբ լինում է հակառակը: Իմ աշխատանքի հանդեպ շատ բածախնդիր եմ:
Սովորաբար ամեն ինչ արվում է, որ դերասանի խաղը ճիշտ գրանցվի: Ի վերջո, արդյունքը դերասանն է ցույց տալիս: Ինչպիսի՞ դերասան ես՝ պահանջկո՞տ նաև քո խաղի հանդեպ և կպահանջես դերասանական դուբլ, թե՞ կվստահես ռեժիսորին:
Կախված է ռեժիսորից: Միշտ վստահում եմ: Իր ֆիլմն է ու, եթե ուզում է ինձ այդպիսին տեսնել, կլինեմ այդպիսին: Բայց քանի որ դերասանական դուբլի իրաբունք բոլորն ունեն, ես միշտ ասում եմ` մի հատ էլ փորձեմ: Եթե դուրդ չգա, ուզածդ արդեն ունես:

Իսկ առաջի՞նն է լավ ստացվում, թե՞ երկրորդ դուբլը:
Հետաքրքիրն այն է, որ առաջինը միշտ ամենալավն է լինում: Ու քանի որ դու քեզ կողքից չես հետևել, սկսում ես վերլուծել, թե ոնց կարող էր լինել: Այ այդ պարագայում միշտ սխալվում ես:
Ուզում եմ «Թևանիկից» պատմես: Ցավոք սրտի, չեմ տեսել, բայց խոստանում եմ, որ անպայման կնայեմ: Տեսել եմ Ջիվանի կարճամետրաժ ֆիլմը, տպավորված եմ, տեսել եմ ձեր ֆիլմի թրեյլերը, բայց ֆիլմը չեմ նայել: Ոզում եմ, որ դու պատմես:
Ինձ համար «Թևանիկը» ֆիլմ էր, որտեղ Սոսը դուրս եկավ սիրային հերսի կերպարներից: Ինձ միշտ այդ ամպլուայում են պատկերացնում, իհարկե, բացի քո ֆիլմից. «Տաքսի էլի լավ ա»-ում կրկին ինձ բնորոշ դեր էր:
Այն ժամանակ քանի՞ տարեկան էիր, 17, դեռ պատանի էիր:
Այո, բայց ես համարում եմ իմ հաջողված դերերից: Իսկ «Թևանիկը», երբ որ սցենարը կարդացի, ինձ համար շարժիչ ուժը այդ կերպարն էր: Կոմերցիոն շարժիչ ուժ չունեի, Ջիվանին նոր էի ճանաչում, դեռ շատ չէի շփվել: Կարդացի ու հասկացա, որ սա այն տեղն է, որտեղ կուզեի ուրիշ կերպ դրսևորվել: Թող գոռոզ չհնչի, բայց արտաքինով դերասաններին պիտակավորում են, ասում են՝ սիրուն տղա է, նկարում են: Բայց աշխարահում չկա սիրուն տղա, որը շնորհքով չի ու ինչ-որ բանի հասել է՝ սկսած Դի Կապրիոյից ու Բրեդ Փիթից : Հասկացա, որ այստեղ կարող եմ դրսևորվել մի քայլ դեպի խարակտերային դերասանը: Իհարկե, չստացվեց այնքան, որքան ուզում էի, բայց Ջիվանի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացվեց շատ լավ: Իսկ Թևանիկը ֆիլմ է պատերազմի մասին՝ պատերազմի մասին չլինելով, այսինքն՝ պատերազմի ժամանակ մարդկային փոխհարաբերությունների մասին: Շատ կուզեմ, որ ֆիլմը հենց դու նայես ու ասես կարծիքդ:
Շարունակությունն՝ այստեղ



