1in.am-ը գրում է․
Շաբաթը ուրախալի լուրերից է սկսվել. Ժաննա Ֆրիսկեն Մոսկվա է վերադարձել: Երգչուհին ևս մի կենդանի օրինակն է այն բանի, որ հիվանդությունը դեռ դատավճիռ չէ, այլ ուղղակի փորձություն, որով կարելի է անցնել ճիշտ բուժման և հարազատների աջակցության միջոցով:
1. Ժաննա Ֆրիսկե
Այս տարվա սկզբին Ժաննա Ֆրիսկեի հիվանդությունը ԶԼՄ-ներում ամենաքննարված թեմաներից է դարձել: Ընտանիքը որոշել է չթաքցնել սասափելի ախտորոշումը և հայտարարել է, որ երգչուհին ուղեղի քաղցկեղով է տառապում: Նրա բուժման ծախսերի համար ռուսական «Առաջին ալիքը» և «Ռուսֆոնդ»-ը բավականին մեծ գումար են հավաքել: Բուժումը հաջող է անցել: Երգչուհին բուժվել է Նյու Յորքում, այնուհետև վերականգնողական փուլն անցել է Յուրմալայում, որից հետո բուժումը շարունակելու համար Չինաստան է մեկնել: Այս ամենից հետո նա Մոսկվա է վերադարձել ու հայտարարել է, որ մամուլի և երկրպագուների հետ պատրաստ կլինի շփվել մեկ ամիս հետո:
2. Քայլի Մինոուգ
Աստղի հիվանդության նկատմամբ անտարբեր չեն գտնվել նաև Քայլի Մինոուգի երկրպագուները: 2005թ. գարնանը նա ստիպված է եղել հետաձգել The Showgirl-The Greatest Hits Tour համաշխարհային շրջագայությունը, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Երգչուհու երկրպագուները նրան աջակցելու համար չեն վերադարձրել տոմսերը: «Երբ բժիշկներն ինձ հայտնեցն իմ հիվանդության մասին, ես կորցրեցի խոսելու ունակությունը: Գլուխս դատարկ էր, իսկ սրտումս՝ ծանրություն: Սակայն ես հասկացա, որ կյանքը կանգ չի առել: Ես ուժեղ եմ և ամեն ինչ կարող եմ»,- խոստովանել է նա Kylie Talking: Kylie Minogue In Her Own Words ինքնակենսագրականում: Բուժումից հետո Քայլին կորցրել է մազերը և կշռել ընդամենը 38 կգ: Բուժվելուց հետո նա ամբողջովին վերանայել է իր սննդակարգը՝ բացառելով ֆաստ-ֆուդը, միսը, սև սուրճը, ֆրին: 2006թ. Քայլին վերադարձել է իր կարիերային և սկսել ավելի շատ աշխատել: Նա մշտապես մասնակցում է քաղցկեղի դեմ պայքարի ակցիաներին: Երգչուհին չի մոռանում կանանց պարբերաբար հիշեցնել, թե որքան կարևոր է տարեկան առնվազն մեկ անգամ հետազոտություն անցնելը:
3. Սինթիա Նիքսոն
Այս պատմության մասին Սինթիան չի սիրում խոսել: Ավելին, Նիքսոնի հիվանդությունը երկար ժամանակ հաջողվել է թաքցնել: 2008թ. Good Morning America շոուին նա խոստովանել է, որ երկու տարի առաջ բժիշկները նրա մոտ աջ կծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել, որը ժառանգաբար է փոխանցվել, քանի որ նրա տատիկն ու մայրը նույնպես հիվանդացել են այդ հիվանդությամբ:
Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու շնորհիվ Սինթիային հաջողվել է հաղթահարել այն: Վիրահատությունից և բուժումից հետո նրան հաջողվել է վերադառնալ բնականոն կյանքի:
4. Շերոն Օսբորն
2012թ. Շերոն Օսբորնը տեղեկացել է կրծքագեղձի քաղցկեղի գենի մասին, այդ պատճառով էլ նա՝ առանց տատանվելու համաձայնել է հեռացնել երկու կրծքագեղծերն էլ, որպեսզի կանխի հիվանդությունը:
Սակայն 2002թ. հեռուստահաղորդավարուհին ավելի դժվար փորձության է ենթարկվել, երբ նրա մոտ հաստ աղիքի քաղցկեղ է հայտնաբերվել: Ընդ որում՝ բժիշկները չափազանց վատ կանխագուշակումներ են արել՝ հայտարարելով, որ Շերոնի ապրելու հավանականությունը ընդամենը 40% է գնահատվում: Սակայն նա որոշել է պայքարել իր կյանքի համար՝ միաժամանակ չդադարեցնելով ակտիվ գործունեությունը: Ընտանիքի և երկրպագուների աջակցության շնորհիվ նրան հաջողվել է հաղթահարել հիվանդությունը:
Ապաքինվելուց հետո Օսբորնը հիմնել է սեփական Sharon Osbourne Colon Cancer Program ծրագիրը: Դա կամավորների խումբ է, որը քաղցկեղով հիվանդներին օգնում է տեղաշարժվել քաղաքում, հոգում է նրանց տան ու երեխաների կարիքները:
5. Շերիլ Քրոու
Սարսափելի ախտորոշումից հետո փոխվել է նաև Շերիլ Քրոուի կյանքը: 2006թ. նրա մոտ ձախ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Երգչուհին ճառագայթաբուժության կուրս է անցել, և հիվանդությունը նահանջել է:
Այդ պահից սկսած Շերիլն ամբողջովին վերագնահատել է իր կյանքը և երկու տղա է որդեգրել:
Իսկ 2012թ. Շերիլը բժիշկներին բողոքել է վատ հիշողությունից, իսկ հետազոտությունից հետո պարզվել է, որ նրա մոտ ուղեղի ուռուցք կա: Բարեբախտաբար, Քրոուն երկրպագուներին վստահեցրել է, որ դա միայն բարորակ գոյացություն է:
6. Անաստեյշա
Անաստեյշան իր կյանքում երկու զգալի հաղթանակ է տարել: 2003թ. նա որոշել է փոքրացնել կուրծքը, քանի որ հինգերորդ չափի կուծքը բավականին անհարմարավետություններ է ստեղծում: Անալիզներ հանձնելիս պարզվել է, որ նա կրծքագեղձի քաղցկեղ ունի: Քիմիաթերապիայից հետո հիվանդությունը նահանջել է, իսկ երգչուհին ոչ միայն քաշ է կորցրել, այլև՝ ձայնը: Տասը տարի անց հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել: Այս անգամ երգչուհին համաձայնել է հեռացնել կրծքագեղձերը և կրկին զբաղվել է իր աշխատանքով: