Հղիների բողոքը գնում է մի բանի դեմ, իսկ առաջարկվող փոփոխությունները մեկ այլ բանի մասին են. դիտարկումներPanorama.am-ը գրում է․

Մայրության նպաստի վերաբերյալ օրինագծի շուրջ առաջ եկած կրքերը չեն հանդարտվում: Նախագծով առաջարկվող փոփոխությունների դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աշխատող մայրերն ու նրանց շահերի պաշտպանությամբ հանդես եկող հասարակական կազմակերպություններ: Թվում է, թե նորմալ է, երբ իրենց շահերի առնչությամբ հասարակական որոշակի շերտեր ակտիվ քաղաքացիական կեցվածք են որդեգրում`փորձելով հասնել որևէ նպատակի: Սակայն, եթե դիտարկենք բողոքի բովանդակային կողմը, ապա կտեսնենք, որ իրականում բողոքը գնում է մի բանի դեմ, իսկ առաջարկվող փոփոխությունները խոսում են մեկ այլ բանի մասին: 

Մասնավորապես` վերջին մի քանի օրերին կազմակերպված ակցիաների ընթացքում ողջ ուշադրությունը կենտրոնացել է փոփոխություններով նախատեսված այս կամ այն տոկոսի, ստաժի այս կամ այն չափի անընդունելի լինելու վրա: Միաժամանակ ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ փոփոխությունների գլխավոր նպատակը աշխատող մայրերի նպաստի զուտ կրճատումն է: Եվ սա այն դեպքում, երբ ոլորտի պատասխանատուների կողմից բազմիցս նշվել է, որ առաջարկված տարբերակները առայժմ քննարկումների համար են և վերջնական չեն: 

Բողոքի այս կերպ ուղղվածությունը թույլ չի տալիս հասկանալ խնդրի բուն էությունը, որը իրականում ոչ այնքան աշխատող կամ չաշխատող մայրերի առջև է ծառացած, որքան՝ պետության: Հետևաբար, եթե չենք ընդունում, որ ոլորտում իրապես խնդիր կա ու չունենք կոնսենսուս այդ առումով, ապա որպես լուծում առաջարկվող ցանկացած քայլ որակվելու է «անընդունելի»: 

Այսպես` ժամանակավոր անաշխատունակության հիմքով հղիներին տրվող նպաստների ոլորտում կատարված վերջին տարիների ծախսերի դինամիկան ցույց է տալիս, որ տեղի է ունենում այդ ծախսերի աճ` այն դեպքում, երբ այդ գումարները ստացողների քանակը ոչ ավելացել է և ոչ էլ ծնելիության աննախադեպ աճ է գրանցվել: 

Իսկ ծախսերի աճը տեղի է ունեցել մեր իրականությանը շատ բնորոշ արատավոր մեխանիզմի կիրառման արդյունքում: Խոսքն այն մասին է, երբ գործատուն անձին գրանցում է որպես բարձր աշխատավարձով վարձու աշխատող զուտ միայն նրա համար, որ պետությունը արդեն արձակուրդի ժամանակ 100 տոկոսով փոխհատուցում է իրականացնում: Արդյունքում, հսկայական գումարներ պետբյուջեից դուրս գալով՝ գնում են անհայտ ուղղություններով: Ընդ որում ամենևին էլ հարցը վերահսկողության ուժեղացմանը չի վերաբերվում, քանի որ չկա որևէ օրենսդրական արգելք, որով գործատուին կարող են արգելել անձին որպես վարձու աշխատող գրանցել, նշանակել իքս թվով աշխատավարձ ու մեկ-երկու ամիս հետո ուղարկել հղիության արձակուրդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել