Ամերիկայի Ֆլորիդա նահանգի երկու որսորդ մի քանի ամիս շարունակ հետևել են մի հսկայական ալիգատորի, որի քաշը կազմում էր 347 կգ: Ամիսների ջանքերը զուր չանցան, և նրանք վերջապես կարողացան ալիգատորի հախից գալ: Քեյթ Քելլին ու Քելլի Սզայը բարեհաջող կերպով կարողացել են Ջոնս գետի ափ հանել Լամպի մականունով 4 մետրանոց սողունին՝ օգտագործելով բացառապես պարաններին ամրացված մի քանի կեռիկ: Հետագայում որսորդները սպանել են այս հսկայական սողունին: Որսորդները խոստովանել են, որ պատրաստվում են համտեսել կոկորդիլոսի միսը:
Քելլին նշել է, որ շատ ուրախ է, որ կենդանուն մի քանի ամիս հետևելուց հետո ինքն ու իր ընկերը վերջապես կարողացել են որսալ նրան:
- Նա շատ էր մոտեցել այն տեղին, որտեղ ես տեղադրել էի խայծը: Նա չէր կարող դիմակայել գայթակղությանը: Ես հանեցի կաշվե ձեռնոցներս ու գործընկերոջս ասացի, որ կոկորդիլոսի հետ պայքարում պետք է միայն սեփական ձեռքերի ուժի վրա հույսդ դնես, - ասել է Քելլին:
Երբ ալիգատորին որսացին Ռիվերդեյլից, նրան տարան կոկորդիլոսների ֆերմա, որպեսզի չափեն նրա երկարությունը և կշռեն նրան: Հսկայական գիշատիչը անգամ ֆերմայի աշխատակիցների զարմանքը հարուցեց: Թեպետ նրանք սովոր էին խոշոր կենդանիներ կշռել, նրանց առաջին անգամ էր բախտ վիճակվում 347 կիլոգրամանոց սողուն տեսնել:

- Սովորաբար մեծ ալիգատոր ասելով՝ մարդիկ նկատի ունեն այն ալիգատորներին, որոնց երկարությունը մի փոքր գերազանցում է 3 մետրը: Լամպիի պես առանձնյակները շատ հազվադեպ են հանդիպում, - ասել է սողունների հիմնադրամի վերահսկիչը:
Ավելի ուշ որսորդները լուսանկարվեցին իրենց զոհի հետ, իսկ ապա լուսանկարները տեղադրեցին իրենց ֆեյսբուքյան էջում: 
Ներկայումս փորձ է կատարվում պարզել, թե արդյոք սա նահանգի ամենամեծ ալիգատորն է, որին անզեն ձեռքերով են որսացել: Որսորդները նշել են, որ նոր զոհ են պատրաստվում գտնել, որն իր մեծությամբ կգերազանցի Լամպիին:






