Բազում կանայք երազում են ավազե ժամացույցի նմանվող կառուցվածք ունենալ, սակայն երբեմն նրբիրան դառնալու ցանկությունը կարող է անհեթեթության հասնել։ Նյու Յորքի բնակչուհի Քելի Լի Դիքեյը այնքան տարված էր Ջեսիկա Ռեբիթի պես նեղ իրան ունենալու ձգտումով, որ աղջկա այդ ցանկությունն ավելի շատ մոլուցք էր հիշեցնում։ «Ով է դավել Ռոջեր Ճագարին» մուլտֆիլմի սիրահարների համար Ջեսիկա Ռոջերը պարզապես սեքսուալ մուլտիպլիկացիոն կերպար է, սակայն Քելիի համար այս կարմրահեր գեղեցկուհին կատարելատիպ է հանդիսանում։ Նա այնքան ոգեշնչված էր այս հերոսուհու կառուցվածքով, որ խոստացավ ինքն իրեն անել հնարավոր ամեն ինչ՝ նրա կառուցվածքը ստանալու համար։
27-ամյա կապտահեր ամերիկուհին պատմել է.
«Ամեն ինչ սկսվեց 7 տարի առաջ։ Ես տեսա Ջեսիկա Ռեբիթին, իսկ ապա Շտորմին («Marvel» ընկերության կոմիքսներից մեկի սուպերհերոսուհին) և որոշեցի լրջորեն զբաղվել իմ կառուցվածքի վերափոխումով, որպեսզի «վերածեմ» այն կատարյալ ավազի ժամացույցի։ Ինձ շատ էր դուր գալիս այս երկու հերոսուհիների կառուցվածքը։ Ես սկսեցի սեղմիրան կրել»։
Քելլին ասում է, որ ներկարված թիթեղներով գոտին ոչ միայն օգնել է նրան նրբիրան դառնալ, այլև ձերբազատել է պատանեկան բարդույթներից։

«Ես շատ ամաչկոտ աղջիկ էի, և ինձ դուր էր գալիս պատկերել այդ կերպարներին։ Այդպես ես ավելի անկաշկանդ դարձա։ Սեղմիրանը փոխակերպում էր ինձ։ Ես ասես այլ մարդու էի վերածվում։ Նման բան կատարվում էր Բրյուս Ուեյնի հետ, երբ նա հագնում էր Բեթմենի հանդերձանքը։ Ես նույնպես ցանկանում էի ինձ չարի դեմ պայքարող սուպերհերոսուհի զգալ»։
Հանուն բարակ իրանի՝ աղջիկը ութ տարի շարունակ սեղմիրան էր կրում և ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկում իրեն։

Թեպետ բազմամյա չարչարանքների արդյունքում Քելիին հաջողվեց իրանի բարակությունը հասցնել 40 սմ-ի, նա մյուս աղջիկներին խորհուրդ չի տալիս հետևել իր օրինակին։


«Սեղմիրան կրելիս պետք է շատ զգույշ լինես, որպեսզի ինքդ քեզ չվնասես։ Օրինակ՝ չի կարելի ծանրություն բարձրացնել, սակայն ես չէի հետևում նմանատիպ օրենքների։ Ես՝ սեղմիրանը հագիս, անգամ գնդակ եմ խաղում, սակայն երբեք սեղմիրանով չեմ հաճախում մարզասրահ, քանի որ դա իսկապես շատ վտանգավոր է։ Իհարկե, ես ծայրահեղությունների գիրկը չեմ ընկնում և ժամանակ առ ժամանակ հանում եմ սեղմիրանս»։

Թեպետ կոշտ թիթեղները անհանգստություն են պատճառում ամերիկուհուն, նա չի պատրաստվում հրաժարվել սեղմիրանից։

«Ինձ հեշտ չէ սեղմիրանի մեջ, շրջապատի մարդիկ էլ միշտ չէ, որ հիանում են իմ կառուցվածքով, սակայն ես այդ քայլին գնում եմ ինքս ինձ համար և ոչ թե համատարած հիացմունքի արժանանալու համար։ Ինձ դուր է գալիս փոփոխությունների ենթարկել մարմինս։ Դա իսկապես զվարճալի է», - նշել է Քելլին հարցազրույցի ընթացքում։







