Life.panorama.am-ը գրում է․

«Ամեն ինչ չափից դուրս բիզնեսային է դարձել ու շատ թանկացել». Վարդան Սարգսյան

Մասնագիտությունը չեն ընտրում միայն հաճույքի համար: Այն գումար աշխատելու,ընտանիք պահելու ու ապրելու կարևոր միջոց է: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչ Վարդան Սարգսյանն անկեղծացավ իր հնարավորությունների, սպասվող նորությունների և թանկացած երգարվեստի մասին:

-Հիմա ինչո՞վ եք զբաղված: Նոր երգ, նոր տեսահոլովակ չե՞ք ուզում ներկայացնել:

-Մինչև մյուս տարի էկրաններին չեմ երևա: Տեսահոլովակ եմ պատրաստվում ներկայացնել հեռուստադիտողին: Ճիշտն ասած՝ այն պետք է արդեն պատրաստ լիներ, բայց այնպես ստացվեց, որ հյուրախաղերի մեկնեցի, նաև որոշեցի հանգստանալ: Նոր եմ վերադարձել Հայաստան: Սակայն նոյեմբերի 7-ին նորից մեկնում եմ համերգների:

-Իսկ տեսահոլովակը ո՞ր երգի հիման վրա է նկարահանվելու:

-Հրաշալի մի ստեղծագործություն է տխուր սիրո պատմության մասին, բայց, կարծում եմ, տարբերվում է այսօր եթերում հայտնված բոլոր նմանատիպ երգերից: Խոսքերի հեղինակը Գրիգոր Կոկչյանն է, երաժշտությունը Էդգար Ալեքսանյանն է գրել: Շատ հետաքրքիր տեսահոլովակ է լինելու՝ մեծ անակնկալով: Այնպիսի բան պետք է լինի, որ կարողանա լրացնել իմ՝ այսքան տարիների բացակայությունը: Արդեն ամեն ինչ որոշված է, տարեսկզբին կնկարահանենք: Ուղղակի մինչ այդ շատ զբաղված եմ, համերգներից հետո էլ արտերկիր եմ մեկնելու՝ ամանորն այնտեղ անցկացնելու:

-Փաստորեն, Ձեր դեպքում եթերում չլինելը ոչ թե պարապության, այլ զբաղվածության նշան է:

-Ես երբեք պարապ չեմ եղել: Բացի գիշերային ակումբներում աշխատելը, անընդհատ համերգների, հյուրախաղերի եմ մեկնել: Անընդհատ ճանապարհորդում էի տարբեր էկզոտիկ, հեռու և բավականին թանկ երկրներ:Այս տարիների ընթացքում ինձ առավել հետաքրքիր էր ծանոթանալ աշխարհին, քան նկարահանել տեսահոլովակ:

-Իսկ Ձեր նշած թանկ երկրները հայ երգիչի գրպանին հասանելի՞ են:

-Ես այդ հնարավորությունը ստեղծել եմ իմ երգերով: Այնպես չի, որ կողմնակի աշխատանք ունեմ կամ բիզնես: Իմ երգով, իմ աշխատանքով կարողացել եմ ինձ թույլ տալ մեկնել ոչ թե մենակ, այլ ընտանիքիս հետ:

-Վարդան, վերջին մեկ տարում կարծես 90-ականների երգիչ-երգչուհիները բավական ակտիվ են, վերադառնում են նոր երգերով ու տեսահոլովակներով: Իսկ մինչ այս ինչո՞վ էր պայմանավորված լռությունը:

-Նախ ասեմ, որ միշտ, չգիտես ինչու, ինձ ներկայացնում են որպես 90-ական թվականների երգիչ: Բայց ես այդ թվերին ասպարեզում չեմ եղել: Առաջին երգը, որն ինձ հաջողություն է բերել, Օլգա Այվազյանի հետ կատարած «Ուրիշի գրկում ես դու» դուետն է, որը եղել է 2002-2003 թվականին: Ես երբեք որևէ խնդիր չեմ ունեցել հեռուստաընկերությունների կամ ռադիոկայանների հետ: Ինչ տեսահոլովակ նկարահանել եմ, բոլորն ել ցուցադրել և իրենց հաճախականությամբ շրջանառել են: Իսկ իմ երկարժամանակյա եթերային բացակայությունը նորություններ չլինելու հետ է կապված: Բայց 90-ականների շատ երգիչ-երգչուհիներ, որոնց հետ ես մտերիմ եմ, գիտեմ, որ բուռն գործունեությամբ են հիմա զբաղված: Նաև, միայն եթերով չպետք է գնահատել մարդու գործունեությունը: Հավաստիացնում եմ, շատ երգիչներ այսօր միայն եթերում են, ոչ մի համերգ, միջոցառում չունեն: Ժամանակին կատարողներն ավելի քիչ են եղել, ավելի հետաքրքիր է եղել: Ակումբներ կամ բոլորովին չկային, կամ քիչ կային, մենք էլ ամեն օր հյուրախաղերի էինք Հայաստանի մարզերում: Իսկ հիմա հետաքրքրություն չկա: Բոլոր երգերը, որոնք այսօր ծնվում են, կարծես թե ֆինանսական ենթատեքստ ունեն. այնպիսի երգ ու տեսահոլովակ նկարահանել, որպեսզի միջոցառումների ժամանակ գումար ապահովի: Ամեն ինչ չափից դուրս բիզնեսային է դարձել ու շատ թանկացել: Լավ երգ ու տեսահոլովակ նկարահանելու գումարով կարող ես լավ մեքենա գնել: Իսկ նախկինում մենք այդ մասին չէին մտածում, համերգից նաև բավականություն էինք ստանում: Հաճախակի էին համերգներ կազմակերպվում: Իսկ հիմա Երևանում տարեկան երկու-երեք համերգ եմ նկատում: Այժմ ամեն ինչ «տեղափոխվել» է համացանց, և ես փնովել չեմ կարող ու դրա իրավունքն էլ չունեմ: Ինձ համար ևս ինտերնետը շատ հետաքրքիր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել