Ուզու՞մ եք պայքարել Հելոուինի դեմ, ուզու՞մ եք այս տոնն արագորեն չտարածվի, ուրեմն ոչ թե կատաղած գրառումներ արեք կամ էլ հրապարակավ անարգանքի սյունին գամեք «հելոուինիստներին», այլ սեփական օրինակով կենդանություն ու թարմ շունչ տվեք մեր գեղեցիկ ազգային տոներին, որոնց մեջ աշխուժություն ու կյանք կա:
Թե չէ մեր բոլոր տոները դարձել են նախամեռելոցային ու հետմեռելոցային օրեր, որոնք, լավագույն դեպքում, նշվում են եկեղեցի գնալով և տանը ճոխ սեղանի շուրջ արբշիռ գինարբուքին տրվելով:
Իսկ մատաղ սերունդը կարիք ունի շարժունության, ռիթմերի, զվարճանքի: Մի Վարդավառ ունենք, որ կիսատ-պռատ նշվում է, մնացածի դեպքում տխրությունը համակում է հայի տառապած հոգին...
Դե ինչ, սկսում ենք վեր հանել մեր գեղեցիկ ազգային տոները, դրանց շունչ ու կենդանություն հաղորդել, գեղեցիկ ձևով նշել և մարդկանց ներքաշել տոնական տրամադրության մեջ:
Վստահ եմ՝ մի քանի տարի անց մեր տոները ավելի շատ կնշվեն, քան հելոուին-մելոուինները....