
Ես, անկեղծ ասեմ, բացարձակապես անակնկալի չեմ եկել Հունգարիայի կառավարության արածից։ Ես, մազ է մնում, ասեմ, որ ավելի վաղ էի Ռամիլ Սաֆարովին տեսել ազատության մեջ, քան նույնիսկ դա Հունգարիայի կառավարության մտքով կանցներ։ Պատճառն այն է, որ ես Սաֆարովին տեսնում եմ այստեղ՝ Հայաստանում։ Այսինքն, ես տեսել եմ սաֆարովներ, որոնք կացինը ձեռքներին շրջում են Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այդ կացինը ամեն օր իջնում է որեւէ հայորդու գլխին, ասենք, ինքնասպանության դրդելու տեսքով։ Այդ կացինը միշտ նրա ձեռքին է, ով զգոն է։ Որովհետեւ միշտ իջնում է նրա գլխին, ով քնած է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞վ է ավելի զգոն։ Իհարկե, իշխանությունը։
Ես բարոյական հարցեր չեմ առաջադրում, թե ահա այսինչը բարոյապես ոչնչացրեց այնինչին, որը ճարահատյալ սպանեց կամ ինքնասպանության հասցրեց բոլորովին երրորդ մեկին, որին չեմ ճանաչել, չեմ ճանաչում եւ չեմ ճանաչելու։ Կացինը միայն տեղորոշում է զոհին, որի մեջ ոչ ոք ինքն իրեն չի ճանաչում։ Ահա թե որն է կացնի առաքելությունը եւ ահա թե ինչու ոչ մեկը Սաֆարովին այստեղ՝ Հայաստանում չի տեսել։ Չի տեսել, որովհետեւ ինքը կացինը պատկերացնում է հենց միայն այն ձեռքին, որը Հայաստանում չէ։ Ի՞նչ է կացինը։ Դա սպանության գործիք է։ Եթե կա մարդասպան, նշանակում է նա պետք է պատասխանատվություն կրի։ Երբ ես տեսնում եմ, թե հոգու ինչ խաղաղությամբ է Տիգրան Սարգսյանը խճճում հայի հաջորդ օրվա հույսը, ես արդեն գիտեմ, որ կացինը մոտենում է։ Բայց կացինն ինձ վաղուց հետաքրքիր չէ։ Ինձ հետաքրքիր է Տիգրան Սարգսյանը։ Որովհետեւ ոչ ոք նրան մարդասպան չի ասի։
Երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում ժպտում է լրագրողներին, ես զգում եմ, թե ինչպես են իմ գլխի վերեւում սրում կացինը։ Որովհետեւ մինչ ինքը ժպտում է, երկրում մարդիկ են մտորում մեկ ուրիշին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու մասին։ Մինչ ինքը ժպտում է, ոմանք սպանվելու կամ ինքնասպանվելու թիրախ են դառնում։ Ես պետություն, պետական վերաբերմունք էի փնտրում Սուրեն Սիրունյանի դստեր ինքնասպանության առիթով, իսկ ինձ ասում էին՝ լավ, էդ անձնական ողբերգության համա՞ր էլ պետությունը պետք է վերաբերմունք ունենա։ Ու ես հասկացա, թե ինչպես է ընդհանրապես կազմակերպվում փսիխոզը։ Պետությունն ինքն է ողբերգությունը դարձնում պետական ուշադրության թեմա, այսինքն, երբ ողբերգության մեջ թշնամի կա։ Վահե Ավետյանի դեպքում թշնամին Ռուբեն Հայրապետյանն էր։ Սուրենյանի դստեր դեպքում պետական վերաբերմունք չէր կարող լինել, որովհետեւ թշնամին պետությունն է։ Ինչու՞ է պետությունը թշնամի, եթե ինքնասպան են լինում աշխարհի ցանկացած կետում եւ գրեթե ցանկացած տարիքում։ Որովհետեւ հարաբերությունը միակողմանի է, Սիրունյանի ընտանիքը գիտի, թե որ պետության ներկայացուցիչն է ինքը, բայց պետությունը չգիտի հոգեկան խոցելի աշխարհով աղջնակին։ Պետք էր ակնկալել պետական վերաբերմունք նրա ինքնասպանությանը, պետք էր ինչ-որ տեղ երկրի ներսում փնտրել եւ գտնել թշնամուն, որը մեզանից ցանկացածի դեմքը կունենա։ Իսկ այս մեկի հետ ի՞նչ կապ ունի Ռամիլ Սաֆարովը։ Ամենաուղիղ կապ։ Պետությունն այս աղջկա զահլեն չունի, քանի դեռ նա ապրում է, ոչ մեկի զահլեն չունի, քանի դեռ ինքը չի դառնում պետության թշնամին։ Թշնամի է պետք, որպեսզի հնչեն համախմբման կոչեր։ Իսկ այս աղջնակի մահվան մեջ ոչ ոք չտեսավ հասունացած կացինը։ Ինչպե՞ս է հասունանում կացինը։ Հասունանում է, երբ հորից անկախ նա շարունակություն չունի։ Հենց այդպես են ներշնչում մի ամբողջ ազգի, թե եթե ոչ Սերժ Սարգսյանը, բա էլ ո՞վ։



