Ըստ ԿԲ-ի ապահովագրական ընկերությունների հաշվեկշռային ցուցանիշների և հիմնական գործունեության ցուցանիշների` 30.09.2014թ.-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների ակտիվները 31.12.2013 թ.-ի համեմատ նվազել են 2,8 մլրդ. դրամով կամ 5,6%-ով՝ կազմելով 47,2 մլրդ դրամ, միաժամանակ նվազել են պարտավորությունները 16,1%-ով` կազմելով 28,6 մլրդ. դրամ: Ընդհանուր կապիտալն աճել է 17,6%-ով` կազմելով 18,7 մլրդ. դրամ: 2014 թվականի 3-րդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների չբաշխված շահույթը կազմել է 1,8 մլրդ. դրամ, այն դեպքում երբ նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ այն ունեցել է վնաս -48,4 մլն. դրամի չափով: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համար չբաշխված շահույթը կազմել է ընդամենը 34,8 մլն. դրամ:
Նկատվում են ապահովագրավճարների նվազման միտումներ՝ այն սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 22,8 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 28,3 մլրդ. դրամ: Միաժամանակ աճում են ապահովագրական հատուցումները, որոնք կազմել են 18,1 մլրդ. դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 14,6 մլրդ. դրամի փոխարեն:
Սա հուշում է, որ նվազող ապահովագրավճարների և աճող հատուցումների պայմաններում ապահովագրական ընկերություններն իրենց շահույթի աճը ապահովում են այլ գործառույթներից, մասնավորապես վարչական ծախսերի կրճատումից կամ այլ ակտիվներից, ինչպես օրինակ՝ պարտատոմսերից և բանկային ավանդներից ստացվող եկամուտներից: Ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն ապահովական ընկերությունների ավանդները բանկերում և պետական արժեթղթերը, որոնք միասին կազմում են ակտիվների կեսը, ինչպես նաև ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները: