Yerevannews.am-ը գրում է․
Այսօր Հելոուինն է ու շուտով նաև մեր երիտասարդները տոնի առնչությամբ սոցիալական տարբեր ցանցերը կվողողեն իրենց նկարներով, քանի որ վերջին տարիներին մեզ մոտ առանձնակի մեծ շուքով են սկսել տոնել եվրոպական այս տոնը: Որպես հիշեցում, նշենք, որ հեթանոսական ժամանակներում ապրող ցեղախմբերը տարին բաժանում էին երկու մասի` ձմեռ և ամառ: Ամբողջ ձմեռ Արևի աստվածը գերի էր ընկնում Մեռածների և խավարի Աստծու` Սաուինի մոտ: Նոյեմբերի 1-ին ցեղախմբերը համերգ են կազմակերպում` ի պատիվ Սաուինի:
Ըստ հնագույն լեգենդի, այդ գիշեր դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև, և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր: Տոնի վերաբերյալ զրուցեցինք նկարչուհի Լուսիկ Ագուլեցու հետ, պարզելու, թե ինչու է օտարածին Հելոուինը մտել մեր կենցաղ՝ ի փոխարեն մեր ունեցած բազմաթիվ տոների: «Ամեն բան որ մտնում է կենցաղ, մեր մշակույթի բարձրաստիճան գործիչներն են մեղավոր, որ նստած են բարձր պաշտոններում ու ժողովրդին չեն թելադրում այն հարուստ մշակութային ակունքները, որը մենք ունեցել են»,- ասաց Լ. Ագուլեցին, նշելով, որ մենք տարբեր շրջանների շատ հրաշալի ծիսակատարություններ ունենք, որոնք հեթանոսական շրջանից հասել են մինչև քրիստոնեություն, որից հետո էլ հասել են մեզ: Նկարչուհին կարծում է, որ եկեղեցին պետք է լուրջ մտածի այս հարցի շուրջ: Լուսիկ Ագուլեցու խոսքով, եթե մենք այդպիսի հզոր մշակույթ ունենք և օտարինն ենք վերցնում, պետք չէ կապել գլոբալիզացիայի հետ: «Այն ժամանակ էլ ենք հարևան պետություններ ունեցել, բայց իմացել ենք ինչ է պետք ու վերցրել ենք կարևորը: Մենք ունենք Բարեկենդանի տոնը, որը թատրոնի, ներկայացումների մի ամբողջ շարք է եղել:
Հավաքվել են երիտասարդ աղջիկներ ու տղաներ, սովորել են երգել, պարել: Բարեկենդանում էլ ներկայացվում էին կերպարներ»,- նշում է Լ. Ագուլեցին ու ընգծում, որ հայկական այդ ծիսակատարության ժամանակ նաև հոգևորականի կերպար է եղել, որը ծաղրել է աղանդավորներին ու սատանայական գաղափարները: «Իսկ մենք հիմա աղանդավորական մտածողության ենք գնում, դրա համար էլ աղանդավորները շատացել են ու մեր ավանդույթները հետ են մնում»-նշում է նա: Բարեկենդանի ժամանակ էլ են դդում վառել, կախել են երթիկից, դդմի կերպարով մի կերպար է եղել ու լույս է բերել: Մեզ մոտ դդմի լույսը խորհրդանշել է Քռիստոսի ծնունդը»,-նշում է տիկին Ագուլեցին, զուգահեռ անցկացնելով եվրոպական տոնին, ուր խրախճանքը սատանայական ու անդրշիրիմյան գաղափարախոսություն ունի: Տիկին Ագուլեցու կարծիքով Հայաստանում Հելոուինը նշում են այն մարդիկ, ովքեր հղփացած են, ովքեր ռեստորանային կենտրոններ ունեն ու օտարածին այդ տոնի շնորհիվ գումար են աշխատում՝ վերածելով այն բիզնեսի: