Տուրիստական ուղեցույցները, գովազդային պաստառները և տեղեկատվական կայքերը խորհուրդ էին տալիս Փաուերսքորթ և Գլենդալոուղ անպայման գնալ, որովհետև շատ գեղեցիկ է այնտեղ: «Չափազանցնում են»,- մտածում էի ու արհամարհում դրանք մինչև Իռլանդիայում գտնվելուս երրորդ օրը, երբ եղանակը չափից դուրս լավն էր թանգարաններում անցկացնելու համար:
Դուբլինից ոչ հեռու Փաուերսքորթ և Գլենդալոուղ կոչվող վայրերը հասարակական տրանսպորտով հասնելը դժվար է. էնտեղ ոչինչ չի գնում, ու ինչ-որ կետից սկսած կամ պիտի քայլես, կամ տաքսի կանչես: Դրա համար որոշեցի կազմակերպված տուրի գնալ, որը, ճիշտ է, իր թերություններն ուներ, բայց ամեն դեպքում չեմ փոշմանում:
Ավտոբուսի վարորդը նաև գիդություն էր ամբողջ ճանապարհին: Եթե ինձ գիտեք, ապա պիտի իմանաք նաև, թե ինչ կարգի տանել չեմ կարողանում գիդերին ու նրանց հաղորդած պատմական տեղեկությունները: Բայց Իռլանդիայում նրանք լրիվ ուրիշ տիպի են. էնքան հետաքրքիր ու հումորով են խոսում, որ ուզում ես անընդհատ լսել: Վարորդն էլ բացառություն չէր: Էնքան ճամփին զվարճացրեց, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Փաուերսքորթի պարտեզներ:
Փաուերսքորթ
Սկզբում պիտի Փաուերսքորթների տան միջով անցնեինք, որպեսզի պարտեզներ մտնեինք: Ներսում մեզ քարտեզներ տվեցին ժամանակն օպտիմալ անցկացնելու համար: Բայց հենց հայտնվեցի դրսում ու առաջին հայացքս գցեցի պարտեզներին, մոռացա քարտեզի մասին:
Ուղեղս խառնվեց իրար, շունչս սկսեց կտրվել, սիրտս կանգնում էր: Չէ, ուղեցույցները չափից դուրս մեղմ էին արտահայտվել, որովհետև աշխարհում չկան բառեր, որոնք կարող են նկարագրել տեսածս: Հեքիա՞թ, դրա՞խտ, երա՞զ:
Սկզբում իտալական պարտեզն էր ոսկեգույն շատրվանով, որի շուրջը ջրաշուշաններ էին լողում:
Չգիտեմ ոնց (որովհետև ուղեղս անջատվել էր, ու ոտքերս պատահական ուղղությամբ էին շարժվում) հայտնվեցի ճապոնական պարտեզում՝ փայտե կամրջակներով, մամռապատ պատերով, որոնց հետևում փերիներ էին վազվզում:
Փորձեցի գնալ նրանց հետևից, բայց թաքնվեցին: Փորձեցի նրանցից մեկի հետ նկարվել, բայց ապարատս խառնվեց իրար ու երկու փչացած կադր ստեղծեց, որտեղ հազիվ մենակ ես էի նշմարվում, մնացածն ուղղակի վառ լույս էր:
Ճապոնական պարտեզում էր, որ հասկացա, որ գեղեցկությունը տեսնելը, փերիների փսփսոցն ու ջրի խշշոցը լսելը, թարմ կանաչը շնչելը հերիք չէր. պետք էր մի զգայարան էլ ավելացնել: Չնայած ցրտին, հանեցի ժակետս, հանեցի կոշիկներս ու գուլպաներս, որ նաև շոշափեմ: Ու երբ սկսեցի թաց խոտերի միջով քայլել, զգացի, որ ես էլ ձուլվել եմ պարտեզին ու էլ չկամ:
Ու չգիտեմ ինչպես հայտնվեցի փոքրիկ աշտարակի մոտ: Ես սովոր եմ, որ աշտարակ մագլցելը երկար է տևում՝ կլաուստրաֆոբիայի դեմ կռիվ տալով, ոտքերի հոգնածությունն անտեսելով: Բայց էս մեկը պստիկ բան էր: Ոնց որ մուլտից գողացած, բերած լինեին:
Բայց ներսում միայն գերմանացի տուրիստներ էին: Կենդանության ոչ մի նշույլ:
Նորից հասնում եմ տան մոտ և առաջին անգամ նայում քարտեզին: Սխալ ճամփով եմ գնացել, շրջանի փոխարեն կիսաշրջան արել, կեսը բաց եմ թողել: Քայլում եմ մնացածն էլ նայելու: Ու հայտնվում եմ վարդերի այգում: Ո՞նց, վարդերը նույնիսկ հո՞տ ունեն: Վերջին անգամ հոտավետ վարդ Երևանի մեր պարտեզում էի տեսել: Իսկ էստեղ դրանք ավելի ուժեղ են բուրում, քան կյանքումս տեսած որևէ այլ ծաղիկ: Այնքան ուժեղ, որ քիչ է մնում՝ ուշաթափվեմ:
Հետո անցնում եմ Փաուերսքորթների ընտանի կենդանիների գերեզմանոցով: 
...ու դելֆինի լճակով:
Դեռ քսան րոպե ունեի մինչև ավտոբուսի մեկնումը: Նստեցի դեպի այգիները նայող սրճարանում ու մի բաժակ սուրճի հետ ճաշակեցի մեղրահյութով ու հատապտուղներով թխվածք՝ վերջապես աշխատացնելով նաև համի զգայարանս:
Գլենդալոուղ
Իռլանդերենից թարգմանած Գլենդալոուղ նշանակում է երկու լճերի ձոր:
Էստեղ մենք ֆիլմ դիտեցինք տեղանքի մասին, որից հետո հայտնվեց աշխույժ գիդը: Երբ փոքրիկ կինոթատրոնի լույսերը վառվեցին, նկատեցի, որ նրա դեմքը ծանոթ է: Ուղղակի էս անգամ կանաչի փոխարեն սև ու սպիտակ էր հագել, իսկ մազերի արծագույն երանգը կորել էր՝ վերածվելով հասարակ մոխրագույնի:
- Ես Ֆիոնան եմ,- ներկայացավ,- այսօր ձեր գիդն եմ լինելու, իսկ ընդհանրապես փերի եմ:
Բոլորը ծիծաղեցին:
Ֆիոնան մեզ տարավ դեպի մենաստանը, ցույց տվեց կլոր աշտարակը: Բացատրեց, որ այն հավանաբար զանգակատուն է եղել:
Սակայն շատերը կարծում են, որ այն վիկինգներից պաշտպանվելու համար է կառուցվել:
Ֆիոնան ցույց տվեց նաև եկեղեցին:
- Արև է,- ասաց,- բախտներդ բերել է: Այս տարի յոթերորդ անգամ եմ նման արև տեսնում:
Եկեղեցին պարզ ու հասարակ էր, առանց ավելորդ պաճուճանքների, միայն պատեր ուներ:
- Այն նախատեսված է եղել միայն աղոթելու համար, սակայն Հռոմի դուրը չի եկել: Դրա համար Դուբլինի Քրիստոսի տաճարն են կառուցել տվել:
Ֆիոնան էլ մյուս գիդերի նման աշխույժ էր ու հումորով: Ու հպարտ էր, շա՜տ հպարտ իր երկրի պատմությունով ու մշակույթով: Հպարտ էր նաև Գլենդալոուղով, մենաստանով, էնտեղի կառույցներով ու ավերակներով:
- Հիմա գնում ենք իմ սիրած տեղը,- ասաց,- Քեվինի խոհանոց:
Սուրբ Քեվինը Գլենդալոուղի փոքրիկ բնակավայրի հիմնադիրն է եղել, իսկ այդ շենքը կոչվում է խոհանոց, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչի համար է:
- Եթե դուք վատ խումբ լինեիք, կստիպեի՝ երգեք: Բայց քանի որ լավ խումբ եք, առանց երգի էլ ազատ եմ արձակում:
Բայց երկու լճերի ձորում պետք էր լճերը տեսնել, չէ՞: Լճերը, էն հայտնի լճերը, էն ամենասիրուն լճերը: Ստորինը տասը րոպեի հեռավորության վրա էր, վերինը՝ կես ժամվա: Գնա՞մ էդքան: Լավ, քայլեմ, թե տեսնեմ՝ չեմ հասցնում, հետ կդառնամ:
Շարունակությունն՝ այստեղ



