ԲՀԿ առաջնորդի այսօրվա հարցազրույցը քննարկելու շատ թեմաներ տվեց: Այդ թեմաներից մեկն էլ խոսքում առկա պաթոսի չափից մեծ մասնաբաժինն էր:
Ի պատասխան ինչպիսին են Ձեր հետևությունները վերջին հանրահավաքից հարցին` ԲՀԿ առաջնորդն ասել է.
«Երբ Ազատության հրապարակը, շրջակայքի փողոցներն ու այգիները լեփ-լեցուն են համախմբված և վճռական տրամադրված՝ տասնյակ հազարավոր մարդկանցով, երբ մարդիկ հարյուր-հազարներով հեռուստացույցի մոտ անհամբեր հետևում են իրադարձություններին, ապա հետևություն պետք է անեմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունը»: 
Ուզում ենք հիշեցնել, որ Ազատության հրապարակի շրջակայքի փողոցները Մաշտոցը, Թումանյանը, Սայաթ-Նովան են և ամենաօրիգինալ ֆանտազիա ունեցողներն էլ չեն կարող փաստել, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին այդ փողոցները լեփ-լեցուն են եղել:
«Լեփ-լեցուն» պողոտաներից բացի հարցազրույցում խոսվում էր վճռական տրամադրված տասնյակ հազարների մասին: Երևի այդ վճռականների թվում էին այն ազատամարտիկները, ովքեր, ելույթները կիսատ թողած, հիասթափված լքեցին հանրահավաքը:
Ամփոփելով՝ փաստենք, որ եթե Եռյակի հանրահավաքների նկատմամբ որոշակի վճռական արձագանք եղել է, ապա եղել է ծաղրանքի ու հումորների տեսքով: Ի դեպ` «Ռուբիկ մի խանգարի» հոլովակն ամենաշատ դիտված ռեսուրսն է, որ տարածվել է հանրահավաքի թեմայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել