Ձեզ, հայ պատանիներ, ուսանողներ, գիտաշխատողներ և ինտելիգենտ երիտասարդություն, դիմում ենք այս կոչով արձագանք տալ ժողովրդական գործին: Այս պատմական րոպեին, երբ ամեն ինչ տրված է մեզ, և հարկավոր է միայն, որ կարողանանք մեր ձեռքին պահել մեր հայրենի հողը և ապահովենք մեր տանջված ժողովրդի ֆիզիկական գոյությունը, դուք անբիծ երիտասարդություն, մեր ժողովրդի խիղճը, լցվեցեք կազմակերպվող հայ զորքերի փառապանծ շարքերը և օգնեցեք, որ ուժեղ բանակ ստեղծենք: Ընկերներ, ֆրոնտը դատարկված է, ռուս զորքը հեռացել է, Հայաստանը ներսում ենթարկված է բարբարոսական ոհմակների ասպատակությանը և միայն ուժեղ, կազմակերպված բանակը կարող է ապահովել մեր ժողովրդի կյանքը և գոյությունը: Երիտասարդներ, եկեք մեզ մոտ, եղեք նրանց ոգին և աշխատեցեք նրանց հետ ընդհանուր ժողովրդական գործի համար:
Զորաբաժնի հրամանատար` Անդրանիկ 3. 02. 1918թ. Թիֆլիս