Orer.am-ը գրում է․
Վերջերս գյուղնախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Իհարկե, նախկին պետին աշխատանքից ազատելը տեղավորվում էր տրամաբանության շրջանակներում, քանզի ոլորտը տարիներ շարունակ դոփում էր տեղում, որովհետև Աբրահամ Բախչագուլյանը ոլորտի մասնագետ չէր, հետևաբար և բնականաբար՝ շատ հարցերում չէր կարող ցուցաբերել մասնագիտական մոտեցումներ:
Թվում է, թե հայրենի կառավարությունը վերջապես գիտակցել է ոլորտը ոչ պրոֆեսիոնալ անձանց վստահելու բոլոր մինուսները և Բախչագուլյանին ազատելով՝ որոշել է շտկել սեփական բացթողումը: Եվ վերջապես, այդ պաշտոնին նշանակվեց սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռահվիրայի, գիգանտի, որի մասնագիտական կարողությունները դուրս են բոլոր կասկածներից: Ծառայության նորանշանակ պետը Սփյուռքի փոխնախարարն էր և… պատմության նախկին ուսուցիչ:
Ինքս լինելով պատմաբան՝ պատմական իրադարձությունների շղթայում ինձ անհայտ է մեր թագավորների և Հռոմի կայսրերի կողմից սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռեֆորմ, որը կարող է ուսանելի լինել 21 դարում, հետևաբար վարկածը, որ պարոն Հայրապետյանը պետք է տեղայնացնի Օգոստոս կայսեր սննդային ռեֆորմները՝ այնքան էլ խելքին մոտ բան չէ: Միգուցե այդ ոլորտում այնքան պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որ Ծառայության նորանշանակ պետը այնտեղ է գործուղվել՝ վերջապես գրելու հիմնաքարային «Պատմություն սննդոց» աշխատությունը. այդ մասին մեր աղբյուրները լռում են: Բայց այն, որ այս նշանակումից հետո ինքս, որպես պատմության նախկին դասախոս, հավակնում եմ ղեկավարել որևէ գինեկոլոգիական կլինիկա՝ կասկածից վեր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



