Tert.am-ը գրում է․
Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում պահանջող քաղաքացիական նախաձեռնությունը առաջիկա օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նամակ կուղարկի՝ ամփոփելով իր դիրքորոշումը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում կատարվելիք փոփոխությունների նկատմամբ խորհրդարանական լսումներից հետո:
Նախաձեռնության անդամները պնդում են, որ աշխատող կնոջ նախածննդյան և հետծննդյան նպաստը պետությունը պետք է փոխհատուցի ամբողջովին և չաշխատող կանանց տրվող նպաստը չպետք է լինի ի հաշիվ աշխատողների:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը, իրենք՝ որպես գիտակից քաղաքացիներ, շահագրգիռ են, որ ՀՀ պետական բյուջեից, այդ թվում նաև սոցիալական ոլորտի բյուջեից կատարվող ծախսերը լինեն հասցեական և արդյունավետ, բայց դա չպետք է արվի աշխատող և երբևէ հղիության արձակուրդից օգտվելու նպատակ ունեցող կանանց իրավունքների ոտնահարման հաշվին, ինչի մասին գրել են նաև նամակում:
«Մենք խնդրահարույց ենք համարում մասնավորապես օրենքում փոփոխվող երկու դրույթ, որոնցից մեկը վերաբերում է հղիության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը տրամադրվող փոխհատուցման համար առավելագույն վերին շեմ սահմանելը և այդ փոխհատուցման չափը կնոջ՝ վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժով պայմանավորելը: Այս երկու դրույթները ոտնահարում են աշխատող կանանց իրավունքները»,-ասաց նա և ընդգծեց, որ ՀՀ-ում չպետք է որևէ կնոջ իրավունք խախտվի:
Տաթևիկ Դավթյանը նաև նշեց, որ կանանց զրկելով իրենց կյանքի կարևոր շրջանում եկամտի մի մասից՝ պետությունը ազդելու է կանանց՝ երեխաներ ունենալու որոշման վրա:
«Հատկապես մեր երկրում կանայք ունենք երեխաներ ունենալու խրախուսման կարիք, սակայն պետությունը երես է թեքում, մեջք լինելու փոխարեն»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամ Անուշ Բաբայանն էլ նշեց, որ սոցիալական վճարները սահմանելիս անհրաժեշտ է իրականացնել հատուկ ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որի հնարավորությունն իրենք չունեն, քանի որ չեն տիրապետում տվյալների բազային, ըստ այդմ՝ առաջարկություններ իրենցից պահանջելը տեղին չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



