Life.panorama.am-ը գրում է․

Մոռանալով կոռեկտության մասին՝ հարձակումներ էին գործում իմ վրա. Անահիթ Մութաֆյանը վիրավորված է

Life.panorama.am-ի այսօրվա հյուրը դերասանուհի Անահիտ Մութաֆյանն է, ով, կարծես թե, որքան համարձակ ու անկաշկանդ է բեմում, նույնքան զուսպ ու հավասարակշռված է կյանքում: Դերասանուհին մեզ հետ անկեղծացավ թատերական աշխարհում երիտասարդների ժամանակակից խնդիրների, իր ժամանակավոր մեկուսացման, ինչպես նաև անձնական հարցերի շուրջ:

-Անահիտ, այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Իմ շատ սիրելի գործով. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում եմ՝ լծված աշխատանքի ու բուռն ստեղծագործական կյանքի:

-Իսկ Ձեր այսօրվա հեռուստատեսային լռությունը ինչո՞վ է պայմանավորված:

-Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ մարդ փորձում է ու ուզում է մտնել իր կաղապարի մեջ ու այնտեղ ապրել՝ բոլորից հեռու, բոլորից առանձին: Իմ կյանքում  ևս եկավ նման պահ, երբ ես էլ մտա իմ խեցիի մեջ, հրաժարվեցի սերիալներից, հրաժարվեցի տարատեսակ հեռուստատեսային հաղորդումների մասնակցելուց: Սա նաև վիրավորվածության արդյունք է:

-Վիրավորանքի՞:

-Այո, քանզի հանրությունը չի գնահատում ճիշտ խոսքը և յուրաքանչյուր հաղորդումից հետո մեր քոմենթագրերը, ոտնահարելով էթիկայի բոլոր կանոնները, մոռանալով կոռեկտության մասին՝ հարձակումներ էին գործում ինձ վրա, իսկ ես տեսակով ուղիղ մարդ եմ ու չեմ կարող կեղծել: Եթե ինչ-որ սխալ եմ տեսնում, ապա արտահայտվում եմ, իսկ հանրությունը չի ընդունում դա:

-Որպես երիտասարդ դերասանուհի, գո՞հ եք այսօրվա զբաղվածությունից, մշակույթում տիրող մթնոլորտից:

-Իհարկե ոչ, գոհ չեմ, այսօր հայ մշակույթը գնում է դեպի լճացում, բազմիցս եմ խոսել այս մասին, անգամ վերջերս հնարավորություն ունեցա այս հարցը բարձրացնել ԱԺ ում. թատրոններում բեմադրությունները քիչ են, երիտասարդներս՝ շատ, ու կարծես հերթ չի հասնում նորմալ դերեր խաղալու: Այս ամենը բերում է հիասթափության, հետո՝ թատրոնից գնալու ցանկության, ապա՝ երկիրը լքելու մտադրության: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո թատրոններում երիտասարդներ չեն մնա, նրանք նույնպես կբռնեն օդանավակայանի ճամփան և երկիրը կհայաթափվի:

-Ազգային ժողովում Ձեր բարձրացրած հարցը որևէ արձագանք ունեցա՞վ:

-Բնականաբար՝ տրվեցին խոստումներ, բայց ինչպես ընդունված է, քաղաքական գործիչը խոսում է շատ երկար, շատ համոզիչ, բայց, ըստ էության, ոչինչ չի ասվում:

-Անահիտ, միշտ էլ սերունդների միջև հակասություններ են եղել. այսօր թատրոնի ավագ սերունդը   թուլ տալի՞ս է երիտասարդ սերնդին թատրոնում իրեն «տանը» զգալ, թե՞ խանդի զգացումը միշտ էլ կա:

-Ինչ խոսք, պետք է ասեմ, որ մենք բախտավոր սերունդ ենք, մեր մեծերը նման չեն առաջվա թատերական մեծերին: Նրանք մեր կողքին են յուրաքանչյուր հարցում, նրանք մեզ համար անգամ ճանապարհ են հարթում ու մեզ ոգևորում՝ ասելով, որ մենք ենք այս թատրոնի ապագան:

-Ի դեպ, երբ երիտասարդ տարիքում ավելի հասուն կերպարներ եք կերտում, ըստ ձեզ, հոգեվիճակը կարողանո՞ւմ եք ճիշտ փոխանցել:

-Իմ կողմից մի քիչ մեծամիտ կլինի խոսել այդ մասին. երևի կարողանում եմ, քանզի եթե այդ պահին հեռուստադիտողը չի հավատում, որ ես երիտասարդ եմ, ուրեմն ստացվում է: Իսկ ինձ համար, որպես դերասանուհի, շատ մեծ հաճույք է դուրս գալ սեփական մաշկից ու փորձել՝ թե՛ խոսքի մեջ ծանրություն գտնել, թե՛ շարժումների, փորձել լինել հոգատար ծնող և հոգատար տատիկ (ժպտում է):

-Որքան նկատել եմ, ձեր բնույթով անկախ և ինքնիշխան մարդ եք, դժվար չէ՞ ծնողների հետ ապրել:

-Շատ ճիշտ եք նկատել՝ անկախ եմ և ինքնիշխան, բայց որպես զավակ հնազանդ եմ ու դեռ կախված ծնողներիցս, նրանց կարծիքից, նրանց խոսքից և չեմ պատկերացնում, որ կարող եմ մեկ օր առանց նրանց ապրել: Գիտեք, դեպքեր են եղել, երբ տանը մենակ եմ եղել ու հայտնվել եմ անօգնական վիճակի մեջ: Ծնողներս երբեք չեն փորձում սահմանափակել անկախությունս, ազատությունս, քանզի համոզված են իրենց տված դաստիարակության վրա, նրանք իմ մեջ չափի զգացում են սերմանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել