ArmnewsTV.am-ը գրում է.
Նոյեմբերի 1-ից պետք է դրոշմապիտակավորվեն Հայաստանի բոլոր դեղերը: Ֆինանսների նախարարության առաջարկով օրենսդրական փոփոխության թելադրանքն է, որ պետք է կատարեն բոլոր դեղարտադրողներն ու ներմուծողները: Օրենքն ընդունված է, բողոքները շարունակվում են: Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը` ոլորտի 23 առաջատարների անունից, մի քանի օր առաջ կրկին դիմում է ուղարկել վարչապետին:
Ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում է դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ֆինանսների նախարարության ընթացակարգերի բաժնի պետը վստահ է, որ դրոշմապիտակավորումից հետո միայն պարզ կդառնա ստվերային շրջանառության ցուցանիշը: Էդուարդ Ղազարյանը Հայաստանի խոշոր դեղարտադրող կազմակերպություններից մեկի տնօրենն է: Նա վստահեցնում է, որ ստվերային շրջանառությունն իրենց դեպքում բացառված է: Միջազգային ՋԻ ԷՄ ՓԻ կոչվող ստանդարտներին համապատասխանող կազմակերպությունն ուղղակի չի պատվազրկի իր անունը` վաճառելով մեկ հաբ անգամ` առանց թղթավարության:
«Արփիմեդ»-ի տնօրենն ասում է, որ շուկայի ստվերը, որը 20 տոկոսի չի կարող հասնել, Վրաստանից սովորական ճամփորդական ուղեբեռերի մեջ բերվող դեղերն են. հիմնականում թանկարժեք դեղորայք, որն այնտեղ ավելի էժան է, քանի որ ազատված է ավելացված արժեքի հարկից: Եվ այդ ստվերը չի վերանա դրոշմապիտակավորմամբ: Ֆինանսների նախարարությունն ասում է, որ դրոշմապիտակավորումից հետո միանշանակ մեծանալու են շրջանառության ծավալները: Ֆինանսների նախարարությունում պնդում են, որ դրոշմապիտակավորումը ձեռնտու է նաեւ դեղերի գնորդներին: Նրանք կարող են համոզված լինել, որ վստահելի ապրանք են գնում:
Որակի վերահսկողությունը Հայաստանում իրականացնում է Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը: Տնօրեն Հակոբ Թոփչյանն ասում է` կեղծ ու չգրանցված դեղեր Հայաստանի շուկայում պարբերաբար հայտնաբերվում են: Օրինակ` նույն այս դեղի երկու տուփերից մեկը կեղծ է: Իսկ այս արկղի պարունակությունը` գրանցված չէ: Բայց կեղծ ու չգրանցված դեղերի ծավալը Հայաստանում, այլ երկրների հետ համեմատած բավական փոքր է, քանի որ մեր շուկան էլ է փոքր: Հակոբ Թոփչյանի խոսքով, դրոշմապիտակավորման միջոցով կարելի է կրկնակի վերահսկել կեղծ եւ չգրանցված դեղերի տեղաշարժը: Իսկ հնարավոր չէ՞ պիտակներ հայտնվեն նաեւ չգրանցված եւ կեղծ դեղերի վրա:
Դեղարտադրողների եւ ներմուծողների խոսքով` դրոշմապիտակավորման համար իրենք լրացուցիչ ֆինանսական եւ ֆիզիկական ռեսուրսներ պետք է ծախսեն, ինչն էլ կբերի դեղերի թանկացման: Ֆիննախի հաշվարկներով` 1000 դրամանոց դեղն, օրինակ, դրոշմապիտակավորումից հետո կարող է արժենալ 1002 դրամ: Այլ հարց է, որ Հայաստանում 2 դրամով առեւտուր ընդհանրապես չկա: Օրենսդրական այս փոփոխությունից հետո այլ փաստի առջեւ են կանգնելու դեղ արտահանողները: Նրանց արտահանած դեղը` դրոշմապիտակով, պարզապես չեն ընդունի այլ երկրներում: Հարցերը բազմազան են, օրենքը` մեկը: Դեղերը պետք է դրոշմապիտակավորվեն եւ վերջ: 2015թ-ի ապրիլի 30-ից հետո դեղատներում չպետք է լինի որեւէ չդրոշմապիտակավորված դեղ:
Տեսանյութը՝ այստեղ