Azatutyun.am-ը գրում է․

«Նարինե» կաթնամթերքի հեղինակ, պրոֆեսոր Լևոն Երզնկյանի մտքով չէր էլ անցնի, որ մի օր իր բնակարանի տանիքում 5 մետրանոց գմբեթ են տեղադրելու և բնակարան կառուցելու։

Մայրաքաղաքի Տերյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող 4 հարկանի շենքի վերջին հարկում՝ պրոֆեսորի բնակարանի տանիքում, շինարարություն իրականացնելու թույլտվություն է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Գիտնականի թոռը, ում անունով էլ պրոֆեսորը ստեղծել է հայտնի «Նարինե»-ն, արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում է շինարարության դեմ: Արդյունք դեռ չկա,  պրոֆեսորի աշխատասենյակի տանիքը արդեն խոնավ է, պատերն էլ ճաքել են։

Տանիքում աշխատող շինարարները չեն հասկանում, թե բնակիչները ինչից են բողոքում: Աշխատանքների ղեկավար Արա Նազարյանը վստահեցնում է, որ մոտ 2 շաբաթից տանիքը կծածկեն, իսկ վնասված բնակարաններն էլ կվերանորոգեն։

Շինարարը վստահ է, որ այս շենքը Թամանյանի կիսատ գործերից էր, և իրենք ամբողջացնում են դրա տեսքը 5 մետրանոց գմբեթով։

«Սրանով ավելի գեղեցիկ է դառնում շենքը: Եթե դուք նայեք հին նկարը, կարող եք «Գուգըլ»-ով բացել, նկարը նայել, և նայեք հիմիկվա նկարը, թե ինչ պետք է դառնա, միանշանակ սա ավելի գեղեցիկ պետք է դառնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց շինաշխատանքների ղեկավար Արա Նազարյանը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ գտնվող այս շենքի տանիքում 4 հարյուր քառակուսի մետրանոց 4 բնակարան կառուցող քաղաքացին, ըստ շինարարության ղեկավարի, հասարակ երևանցի է։

Երևանի քաղաքապետարանն էլ պնդում է, թե թույլտվությունը տրվել է տարբեր կառույցների դրական եզրակացություններից հետո, ստորագրությամբ համաձայնություն են տվել նաև բնակիչները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել