ՀԱՐՑ

Որքա՞ն է ավտոտրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափը, և ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել թույլատրելի չափի խախտումը:

 ՊԱՏԱՍԽԱՆ

Ավտոտրանսպորտային միջոցների ապակիները պետք է լինեն լուսակայուն, խոնավակայուն և ջերմակայուն: Ավտոտրանսպորտային միջոցների դիմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիները, առջևի կողային ապակիները (առկայության դեպքում)  և այլ ապակիները` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում նշված է նաև տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության անհամապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերին: Այսինքն, արգելվում է տրանսպորտային միջոցների շահագործումն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիությունը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերին: Այս դեպքերում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները: Խախտումը վերացվում է տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր: Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու դեպքում իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):

Տրանuպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատաuխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաuտարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ: Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն՝ տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:

Քրիստինե Նշանյան

Փաստաբան

[email protected]

 Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել