Panorama.am-ը գրում է․
Վերջին օրերին Երևանի շուկաներում կարտոֆիլի գնի կտրուկ թանկացում է նկատվում: Եթե մեկ ամիս առաջ մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվում էր 100-130 դրամով, ապա այսօր այն հասել է 220-250 դրամի: «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ կարտոֆիլը առաջին հերթին թանկացել է ցանքատարածությունների նվազման պատճառով:
Նրա խոսքերով` ցածր գների արդյունքում գյուղացին գումար չի ունեցել ներդրումներ կատարել, ուստի վերջին երեք տարիների ընթացքում հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են:
«Քանի որ գյուղատնտեսության նախարարությունը կարտոֆիլագործության հետ կապված ծրագիր չունի, բնականաբար, ցածր գների, ոչ շահութաբերության դեպքում, կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են»,- նշեց Հ.Բերբերյանը:
Բացի այդ, ըստ նրա, ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղատնտեսության համար տարին բարեհաջող չէր:
«Շիրակի մարզում գյուղացիները բահերով կռվում էին, որ կարողանային իրենց կարտոֆիլի ցանքատարածությունները ջրեին: Այսինքն` կարտոֆիլի գնի բարձրացումը հիմնականում կապված է բերքատվության հետ, որը ամբողջ տարածաշրջանում շատ ցածր է եղել»,- ասաց Հ.Բերբերյանը` հավելելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի կարտոֆիլի բերքը նվազել է մոտ 20 տոկոսով:
Նա միաժամանակ նշեց, որ ի տարբերություն Շիրակի մարզի` Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի լավ բերք է ստացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



