Ինչ լավ ա, որ մեր երկրում առկա բոլոր խնդիրներով ու անարդարությամբ հանդերձ՝ կա գոնե մեկ պետական ինստիտուտ, որտեղ կոմպետենտ կադրեր են, ու որի ղեկավարությունը ոչ միայն այսրոպեական խնդիրներով է զբաղվում, այլ քայլում է ժամանակի հետ համընթաց։
Նոր կարդացի, որ ՀՀ ՊՆ-ում ձեռնամուխ են եղել նոր ստորաբաժանման, իսկ ավելի ճիշտ՝ նոր զորատեսակ ստեղծելուն։ Այս պահի դրությամբ դեռ ոչ պաշտոնական տեղեկատվության մակարդակի վրա, բայց կա տեղեկատվություն, որ մոտ ապագայում մեր ԶՈւ-ն կունենա նաև կիբեր զորքեր, ինչը, կարծում եմ, պարտադիր նախապայման է 21-րդ դարի բանակ ունենալու համար։
Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ հարցն արդեն վաղուց հիպոթետիկ քննարկումների մակարդակում չէ, ու արդեն սկսել են տեսական ու գործնական քայլերի, ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանքների, ֆինանսաբյուջետային հարցերի պլանավորումն ու հստակեցումը։
Ոմանք կարող են չհասկանալ այս նախաձեռնության կարևորությունը, բայց այն, իրոք, մեծ առաջընթաց է, հաշվի առնելով, որ մեր տեսական ու ռեալ հակառակորդների բանակներում գնալով ավելանում է բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի տեսակարար բաժինը, էլ չասեմ, որ գնալով մեծանում է տեղեկատվական դաշտի ազդեցությունը հասարակության վրա, իսկ մեր օրերում գրագետ տեղեկատվական գրոհը կարող է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք չեն կարող լուծել մեկ բանակային կորպուսի ուժերը։
Չեմ ուզում շատ ծավալվել այս թեմայի շուրջ՝ հաշվի առնելով հարցի նրբությունը, բայց կրկին անգամ ուզում եմ գոհունակությունս հայտնել մեր պաշտպանության նախարարության պրոֆեսիոնալիզմին ու գործելաոճին։