Հոկտեմբերի 27

Շատ փոքր էի՝ 2-րդ կամ 3-րդ դասարան, երբ մեզ հապշտապ ուղարկեցին տուն, իհարկե դպրոցից շուտ տուն գնալն իմ համար այդ պահին մի մեծ ուրախություն էր, ու իրականում ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Անցան տարիներ, ու ես սկսեցի գիտակցել իմ՝ տուն շուտ գնալու պատճառը: Ես այդ պահին կցանկանայի դպրոցում մնալ նախատեսվածից շատ ավելի շատ, միայն թե հոկտեմբերի 27-ի ողբերգությունը չկատարվեր:

Ադրբեջանցի դիվերսանտների դեմ դատական պրոցեսը սկսվեց: Նրանց պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ: Դրանք սովորական մարդասպաններ են, ու ադրբեջանական կողմի հիստերիան անտեղին է: Մի խոսքով՝ նրանք դատապարտվելու են ու իրենց պատիժը կրեն:

Հղի կանայք ավելի լավ են պայքարում միայնակ, քան քաղաքական ուժերը: Չգիտեմ ոնց, բայց նրանք շատ արագ մոբիլիզացվում են ու հստակ պահանջներ են ներկայացնում ու սարեր-ձորեր չեն ընկնում: Հիմա այս պայքարը, ավելի քան համոզված եմ, որ ավարտվելու է նրանց հաղթանակով: 1000 դրամների ժամանակ, երբ ստուգման համար պետք է վճարեին, հաղթեցին, սա էլ կհաղթեն:

Եռյակում անջրպետը խորանում է: Այնտեղ կան բազմաթիվ չքննարկված հարցեր, որոնք վաղ թե ուշ բերելու են «ավազե հիմքով» միության փլուզմանը: Ես ինքս երազում եմ, որ ՀՀ-ում առողջ ընդդիմություն լինի, որովհետև բազմաթիվ առաջադեմ երկրների փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունը պետության զարգացման հիմնասյուներից մեկն է, բայց, ափսոս, մեր մոտ այդ ընդդիմությունը ես դեռ չեմ տեսնում:

Ուկրաինայում Ռադայի պատգամավորների ընտրություններն ավարտվեցին, բայց դե այդ ընտրությունները, համոզված եմ, մոտակա մեկ տարվա համար միակը չեն լինի: Ուկրաինայի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից մեկը փակվել է, որ ծնունդ նշեն, մյուսում կրակել են, էն մյուսում եսիմ ինչ ու այդպես շարունակ: Այդպիսի անորակ ընտրություններ աֆրիկական ամենահետամնաց պետություններում անգամ չեն անցկացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել