1111111111in.am-ը գրում է․

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Հրայր Հունանյանի գործի դատական քննությունը:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 21-ամյա Հրայրը 2013 թվականի սեպտեմբերի 27-ին պայմանական-վաղաժամկետ ազատվել է զինվորական հանցագործության համար սահմանված 1տարի 6 ամիս ազատազրկումից:

Հրայրը զբաղվել է հողագործությամբ, 2014 թվականի սկզբին ծանոթացել է Էջմիածին քաղաքի մի բնակչուհու հետ: Ընկերություն են արել, Հրայրը հաճախ այցելել է աղջկա տուն, ծանոթացել նրա ծնողների ու եղբոր հետ:

Ըստ դատական ակտի՝ Հրայր Հունանյանը շուտով եզրակացրել է, որ աղջիկը, իր կարծիքով, անբարո վարքի տեր է: Հրայրը շարունակել է աղջկա հետ հանդիպել միայն «իր սեռական կրքերը բավարարելու համար»:

2014 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Հրայրը զանգահարել է աղջկա հոր հեռախոսահամարով: Պատասխանել է աղջիկը, ասել, թե հայրն այլևս չի թողնում, որ իրենք հանդիպեն:

Հրայրը զայրացել է, պահանջել է, որ աղջիկը հեռախոսը փոխանցի հորը:

Վերջինս Հրայրին ասել է, թե, իրոք, այլևս չի թողնելու, որ դուստրը հանդիպի նրա հետ: Իսկ Հրայրը պատասխանել է, որ նրա դուստրը անբարոյական է, շատերի հետ է հանդիպել, բոլորի հետ էլ սեռական հարաբերություններ է ունեցել:

Աղջկա հայրը վիրավորվել է, հայհոյել Հրայրին ու անջատել հեռախոսը:

Հրայրը նորից է զանգել, այս անգամ պատասխանել է աղջկա եղբայրը: Վերջինս իր հերթին հայհոյել է Հրայրին:

Հաջորդ օրը Հրայրը աղջկա եղբոր հետ խոսել ու պարզաբանում է պահանջել իրեն հայհոյելու համար:

Պայմանավորվել են հանդիպել ու պարզաբանում կատարել… «Մայր աթոռի» մոտ:

Հուլիսի 11-ին, ժամը14-ն անց 30-ի սահմաններում Հրայրը պայմանավորված վայրում հանդիպել է աղջկա եղբորը: Քայլել են դեպի «Սուրբ Գայանե» եկեղեցի: Ճանապարհին նրանց տեսել են Հրայրի եղբայրն ու ընկերը, Հրայրը պահանջել է, որ նրանք չխառնվեն:

Աղջկա եղբորը հայտնելով իր կարծիքը աղջկա վարքագծի, ինչպես նաև աղջկա ընտանիքի անդամների կողմից իրեն հայհոյելու վերաբերյալ, Հրայրն աղջկա եղբոր ծնոտին մի բռնցքահարված է հասցրել:

Հրայրի եղբայրն ու նրա ընկերը բաժանել են կռվողներին:

Այդ պահին աղջկա եղբոր հեռախոսին զանգ է եկել:

Հրայրը պահանջել է, որ նա անջատի հեռախոսը, քարտը հանի ու հեռախոսն իրեն տա:

Աղջկա եղբայրը, վախենալով երկրորդ բռնցքահարվածից, 18 հազար դրամ արժողության «Սամսունգ» հեռախոսը հանձնել է Հրայրին: Վերջինս էլ հեռախոսը դրել է գրպանն ու ասել է, թե չի վերադարձնելու: Հրայրը չի լսել նաև իր եղբոր, նրա ընկերոջ հորդորները ու չի վերադարձրել հեռախոսը:

Ավելին, իր ձեռքով զանգել է աղջկա հայրիկին ու ասել, թե նրա տղայի հեռախոսը վերցրել է ու հետ չի տալու: Միգուցե իր պատկերացմամբ այդպես է ցանկացել «վրեժ լուծել» աղջկա ընտանիքից, բայց ըստ էության ստացվել է հեռախոսի բացահայտ հափշտակություն՝ կողոպուտ:

Նույնիսկ դեպքից երկու օր անց Հրայրը գնացել է աղջկա տուն, խոսել նրա հոր հետ ու նորից է հրաժարվել վերադարձնել հեռախոսը: Մինչդեռ կատարված կողոպուտի մասին արդեն իրազեկված էր ոստիկանությունը:

Հրայր Հունանյանին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով: Միայն նախաքննության ընթացքում է նա տուժողին վերադարձրել հափշտակված հեռախոսը:

Ընդհանուր իրավասության դատարանում Հրայրն իրեն մեղավոր է ճանաչել ու ասել է, թե աղջկա անբարո վարքի մասին իմանալով՝ ինքը ցանկացել է, որ աղջիկն ինքը իր ծնողներին խոստովանի, որ նախկինում տարբեր անձանց հետ սեռական հարաբերություններ է ունեցել: Բայց քանի որ աղջիկը դա չի արել, ինքն է նրանց հայտնել ու «արժանացել է» հայհոյանքների:

Հրայրն ընդունել է, որ բացահայտ վերցրել է աղջկա եղբոր հեռախոսն ու հրաժարվել է վերադարձնել: Նա խնդրել է, որ դատարանն իրեն ների ու իր նկատմամբ մեղմ վարվի:

Տուժողն ամբաստանյալից որևէ պահանջ չի ունեցել:

Ընդհանուր իրավասության դատարանը Հրայր Հունանյանին մեղավոր է ճանաչել կողոպուտի համար և դատապարտել է 2 տարի ազատազրկման:

Հրայրը կալանքի տակ է առնվել դատավճռի հրապարակումից անմիջապես հետո՝ դատական նիստերի դահլիճում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել