Երեկ ՊՆ-ն մի նյութ տարածեց այն մասին, որ ՊՆ Սեյրան Օհանյանը կիրակի օրն այցելել է մի հիվանդ նախկին զինվորի տուն և օգնություն առաջարկել նրան: Այդ լուրը ոմանք այնքան սուր ու քննադատաբար ընդունեցին, որ ինձ հետաքրքրեց, թե իրականում ինչ է եղել, որ մարդիկ ուրախանալու փոխարեն, որ ևս մի մարդու օգնելու են, սկսեցին դրանում վատ բաներ տեսնել: Երկար չտևեց փնտրտուքս, ու պարզեցի, որ Մայիս Գեղամյանին ճանաչող մարդիկ կան նաև իմ շրջապատում: Ինչպես պարզեցի, նա մի քանի օր է ընդամենը ծառայել և մի միջադեպից հետո, երբ կոտրվել է ոտքը, նրա մոտ հայտնաբերել են ուռուցք: Հենց զինվորական հոսպիտալում են դա տեսել ու ուղարկել են լրացուցիչ զննության: Առաջին միջամտությունից հետո քաղաքացիական հեղինակավոր հիվանդանոցներից մեկում ծնողներին հավաստիացրել են՝ ուռուցքը չարորակ չէ, սակայն հենց ռազմական բժիշկների հորդորով կրկին են ստուգել ու պարզվել է, որ նրանք իրավացի են: Այդ ուռուցքը, բնականաբար, բանակում չէր կարող առաջանալ, քանի որ այն մի քանի օրում չի լինում: Որպես նշված հիվանդության կրող` նրան բնականաբար զորացրել են, սակայն Մայիսը որոշակի կապեր է պահել բանակային բժիշկների հետ: Նրա հիվանդության զարգացման հետ մեկտեղ բուժումները փոխվել են, ոտքը կտրելուց հետո տարբեր բժիշկներ սկսել են տարբեր շահարկումներ հատկապես արտասահմանի հետ, այս կամ այն դեղի հետ (հիվանդանոցների հետ շփված ցանկացած մարդ լավ գիտի, թե դա ոնց է լինում): Ռազմական բժիշկները կրկին խորհուրդ են տվել չտրվել այդ հորդորներին ու փորձել հարցն առայժմ կարգավորել Հայաստանում համապատասխան բարձրակարգ մասնագետների հետ: Միաժամանակ նրա ծնողը դիմել է ՊՆ ընդունելության համար: Այդ ընթացքում նախարարը հանձնարարել է գործի քննությունը ներկայացնել իրեն: Բժիշկները նախարարին առաջարկել են բուժումն անպայման կազմակերպել Հայաստանում և տվել համապատասխան գնահատական: Նույն ժամանակ այդ մասին լուրը հայտնվել է կայքերից մեկում, և ինչպես հաճախ տպավորությունն այն է, որ կայքում հայտնվելն է որոշել ամեն ինչ: Այնինչ ծնողին արդեն ասել են, որ բժիշկները զբաղվում են, իսկ նրան առաջիկայում նախարարը կընդունի: Սակայն քանի որ Մայիսի վիճակը պահանջում էր ավելի արագ միջամտություն, Սեյրան Օհանյանը զանգում է ծնողին և խոստանում անպայման օգնել: Հաջորդ օրը` այսինքն կիրակի, նա այցելում է հիվանդին՝ նրանց տուն: Այս լուրը շատերը, չգիտես ինչու, սվիններով ընդունեցին, ոմանք էլ հասցրել էին իրենց մակարդակը ցուցադրել կայքերի գրառումների տակ: Որքան կարելի է փոքրոգի լինել և չհասկանալ իրադրությունը: Իհարկե ցավալի է, որ կան նման զինծառայողներ կամ զորացրված սպաներ, ցավալի է, որ պետությունը և բանակը չեն կարող բոլորին օգնել: Սակայն այդ ամենից հետո վիրավորել կամ մեղադրել ՊՆ Սեյրան Օհանյանին առնվազն փոքրոգություն է: Մեղադրել այն մարդուն, ով ինքը, լինելով այդպիսի վիճակում, այցելության է գնում տասնյակ զինվորների, մենք ընդամենը մի քանի ամիս առաջ տեսանք, թե ինչպես էր այցելում գրեթե բոլոր զինվորների տուն ու հիվանդանոց, փորձում օգնել բոլորին: Նա նախ և առաջ գնացել էր գոտեպնդելու ոտքը կտրած երիտասարդին: Եթե բոլոր պետական այրերը կատարեին նրա արածի կեսը միայն, ապա այդպիսի օգնության կարիք ունեցողներն առնվազն մի քանի անգամ կքչանային: Իսկ Սեյրան Օհանյանը դղյակներ ու բիզնեսներ չունի, մենաշնորհներով չի զբաղվում: Իր հնարավորությունների չափ մշտապես օգնում է բոլոր դիմողներին: Ամսական առնվազն մի քանի անգամ տեսնում ու լսում ենք, որ մի քանի տասնյակ մարդիկ են լինում նրա մոտ ընդունելության: Իսկ եթե ավելի հստակ լինենք, պետք է ասել, որ նախկին զինվորականի այդ սոցիալական ու առողջական հարցերը ընդհանրապես բանակի հետ պետք է կապ չունենան: Բանակը պետք է զբաղվի մարտունակությամբ, իսկ այդ հարցերը պետք է լուծեն պետական այլ մարմինները: Մարդկանց վիրավորելուց առաջ մտածեք, թե ում եք վիրավորում, և արդյոք ունե՞ք դրա իրավունքը: Աստված տա, մեր երկրի հնարավորություններն այնքան մեծանան, որ ամեն ազատամարտիկ կամ նախկին զինվոր ապահովված լինի ամեն ինչով, սակայն եթե ինչ-որ համակարգ լավ չի աշխատում, ապա ազնիվ մարդիկ մեղավոր չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել