Առաջին նախագահի՝ երկու հանրահավաքներում հնչեցրած կրքոտ քննադատությունը «ջղաձգվածների» և «մարգինալների» հասցեին շատերին վիրավորել է: Բայց եթե մի կողմ թողնենք կիրքը (որը պետք է ասել, առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին հատուկ չէր) և ընդունենք այդ պնդումները՝ որպես սառը գիտական արձանագրում, ապա դրանց մեջ ոչ մի նեղվելու բան չկա:

Որտե՞ղ եք դուք տեսել, որ երկրի քաղաքական օրակարգը ձևակերպեն հազարավոր կամ, առավել ևս, միլիոնավոր մարդիկ՝ «ժողովուրդը»: Աստված մի արասցե, եթե այդպես լինի:

Ոչ մի երկրում հասարակական սուր խնդիրների շուրջ «ազգովի» չեն մտածում՝մտածելու, կշռադատելու, վերլուծելու խնդիրը դրված է սահմանափակ քանակով մարդկանց վրա: Միշտ եղել են և կան իշխանավորներ, որոնք իրենց ապարանքներում նստած քեֆ են անում և երազում են, որ ոչ ոք այդ «ազգանվեր» գործին չխանգարի:

Միշտ եղել են, կան և կլինեն տրիբուններ, որոնք տարին երկու անգամ կամ երկու շաբաթը մի անգամ «ժողովրդի ցավն են տանում» և «նրա մատից փուշ են հանում» (իհարկե վիրտուալ փուշ): Եվ միշտ եղել են և կան մարդիկ (զգալի փոքրամասնություն) որոնք թե «քեֆ անողներին» և թե «փուշ հանողներին» ինչ-որ հարցեր են տալիս, առաջարկներ են անում և այլն: Այդ հարցերն ու առաջարկների նպատակը մեկ է՝ որ այդ երկու խմբերը շատ չդմբոյանան (այսպես ասենք, որ ոչ ոք չնեղանա)»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել