Վերջերս շատ է խոսվում որևէ գյուղում ոչխարների հոտի վրա գայլերի հարձակումից ու տված վնասներից: Մի կողմից հասկանալի է, քանի որ իրականում մարդը, գյուղացին կտրվում է իր միակ ապրուստի միջոցի մի մասից կամ առհասարակ ամեն ինչից, եթե հաշվի առնենք, որ դա իր ոչ թե մի տարվա աշխատանքի արդյունքն է, այլ երկար տարիների, ու դեռ հարց է, թե գայլերի հարձակումը եթե չլիներ, նույն գյուղացին էլի տուժած վիճակում չէ՞ր հայտնվի: Մի խոսքով՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Հասկանալի է լուսաբանումը, մտահոգությունը, մարդկային տեսակետից ընդունելի է, չնայած դրան հաջորդող համապատասխան օգնությունը այդպես էլ երկար տարիներ չի գտնում հասցեատիրոջը:
Դրա մասին չէ, որ ուզում եմ բարձրաձայնել: Ուղղակի միտքը, որը արթնացավ մեջս, հետևյալն է.
Լավ, բա էս երկար ու ձիգ 23-24 տարիների ընթացքում աշխատող, արարող ժողովրդի վրա հարձակված ու դեռ հոշոտող երկոտանի գայլերի մասին լավ է՞ , որ չեն լուսաբանում:
Ո՞վ է հաշվել, թե քանի քանիսը հոշոտվեցին ու դեռ հոշոտվելու են՝ հայտնվելով ծայրաստիճան աղքատության ճիրաններում։
Ո՞վ է հաշվել, թե քանի քանիսը հոշոտվեցին ու դեռ հոշոտվելու են՝ բռնելով տուն-տեղ վաճառելու գնով արտագաղթի ճանապարհը։
Ո՞վ է հաշվել, թե քանի քանիսը հոշոտվեցին ու դեռ հոշոտվելու են՝ կորցնելով վաղվա օրվա նկատմամբ հույսն ու հավատը։
Ո՞վ է հաշվել, թե քանի քանիսը հոշոտվեցին ու դեռ հոշոտվելու են՝ Հայաստանում մի կերպ գոյությունը քարշ տալով, օտարության մեջ ապրող հարազատների կարոտը սրտներում։
Ո՞վ է հաշվել..., պարզ է, ոչ ոք էլ չունի նման հաշվարկներ, բայց գոնե, իրոք, լուսաբանվեին հոշոտելու արարքները, և նույն հայտնի բոլոր ժամանակների «հոշոտողներին» համապատասխան վայրն ուղեկցելու իրողությանը ականատես լինեինք:
Հ.Գ. Լրացուցիչ հայտնեմ, որ համապատասխան «վայր»-ը  Ազատության հրապարակի հարթակը չէ: Դա միանշանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել