Asekose.am-ը գրում է․
90-ականների, մութ և ցուրտ տարիների լուսավոր կետերից մեկն էլ Միքայել Պողոսյանի «Խաթաբալադա» ներկայացումն էր: Նա բեմից ներկայացնում էր խնդիրը, սակայն միաժամանակ չէր թողնում, որ ներկայացման ավարտին զուգահեռ ավարտի և մարի հույսը: Այսօր էլ շարունակում է ստեղծագործել, քննադատելու դեպքում էլ դա անում է իր նոր աշխատանքների միջոցով, որոնց դեպքում միայն չի խաղում, այլ ինչպես ինքն է նշում է` ստեղծում է: Իսկ ստեղծված աշխատանքները բոլոր հայերի համար են` անկախ ծնված վայրից և օտարության մեջ ապրած տարիներից:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Միքայել Պողոսյանի հետ` «Thank You, հայրիկ», ֆիլմի, դրա ամերիկյան պրեմիերայի, 60 տարիներ արած և չարած աշխատանքների, հանդիսատեսի հետ ճգնաժամային հարաբերություններ ունենալու մասին և ոչ միայն:
-Ձեր վերջին աշխատանքը «Thank You, հայրիկ» ֆիլմն է: Այն հանրության համար հայտնվեց հանկարծակի, սակայն ունեցավ մեծ հաջողություն, որովհետև ի սկզբանե ստեղծված էր ոչ միայն ծիծաղելու, այլև հուզվելու, մտածելու համար: Տեղյակ եմ, որ ֆիլմի գաղափարն Ձերն էր և հենց Դուք էիք Վիգեն Ստեփանյանին առաջարկել աշխատել, ապա միասին սկսել էիք գրել սցենարը: Կարծում այս ամենն ուղղակի պատահականության արդյունք չէ, ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
-Ընդհանրապես կան թեմաներ, որոնց ուշ, թե շուտ պետք է անպայման անդրադառնաս: Օրինակ` 20 տարի անց ես անդրադարձա ղարաբաղյան թեմային և ստեղծվեց «Եթե բոլորը» ֆիլմը: Դա ինձ համար շատ սկզբունքային էր, նշեմ, որ «Եթե բոլորը» ֆիլմը մասնակցել է «Օսկար»-ի, ինչն աննախադեպ է: Հենց ԱՄՆ-ում էլ ծանոթացա Քեն Դավիդյանի հետ և համատեղ ֆիլմ ստեղծելու մտահաղացում ունեցանք: Գաղափարից ոգևորված սկսեցի մտածել նյութը, գրելիս էլ հիմնակում Քենին էի պատկերացնում, բայց հետո հասկացա, որ գլխավոր հերոսը պետք է աղջիկ լինի: Մտածում էի, որ այդ հերոսուհին կարող է Քիմ Քարդաշյանը լինել, սակայն հետո նա հղիացավ, այսինքն` նույնիսկ առաջարկով հանդես չէին եկել: Սակայն Քիմ Քարդաշյանն իր կերպարով ամբողջովին համապատասխանում էր ֆիլմի ապագա հերոսուհուն:
-Սակայն ըստ Ձեզ` որքան՞ով էր իրատեսական, որ Քիմ Քարդաշյանը կընդուներ առաջարկը:
-Համենայն դեպս մենք կփորձեինք Քիմին դիմել, կարծում եմ իր համար մեծ պատիվ և հարգանք պետք է լիներ հայկական ֆիլմում նկարահանվելը, մանավանդ` տվյալ թեմայի դեպքում: Նշեմ, որ հերոսուհու ընտրությամբ էլ պետք պայմանավորվեր, թե որ երկրին պետք է անդրադառնայինք: Ւնչ վերաբերում է գլխավոր դերակատարուհու ընտրությանը, նշեմ, որ հետո հրապուրվեցի Նատալյա Օրեյրոյով, ով իր խառնվածքով շատ էր համապատասխանում մեր ֆիլմին: ԿապվեցինքՆատալյա Օրեյրոյի ներկայացուցիչների հետ, բանակցություններ վարեցինք, սակայն ժամանակային և գումարային խնդիրներ առաջացան և այդ գաղափարից էլ հրաժարվեցինք:
-Հետո սկսվեցին հերոսուհու որոնումները: Ի դեպ, տվյալ դերի համար նաև փորձում էի Իվետա Մուկուչյանին, որովհետև նա շատ լավ է տիրապետում անգլերեն լեզվին, ինչը մեզ համար առաջնային էր, քանի որ գլխավոր հերոսուհին պետք է խոսեր օտար լեզվով, քանի ֆիլմի հիմքում այն գաղափարն է, որ հերոսուհին օտար ափերում է ծնվել և նույնիսկ գաղափար չունի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Այդ ժամանակահատվածում հայտնվեց Հրաչ Քեշիշյանի թեկնածությունը, ում ընտրեցի որպես ռեժիսոր և միասին սկսեցինք փնտրել հերոսուհուն:
-Ի վերջո, ինչպե՞ս գտաք ազգությամբ իտալացի Քրիստա Դոնարգոյին:
-Բազմաթիվ երկրներում` նույնիսկ Լեհաստանում և Չինաստանում փնտրել էինք, որովհետև հետաքրքիր կլիներ տեսնել հայ աղջկա, ով ապրել է Չինաստանում: Ի վերջո, Նյու Յորքում բնակվող ընկերուհիներիցս մեկը խորհուրդ տվեց Քրիստա Դոնարգոյին: Վերջինիս հետ տեսազանգի (SKYPE) միջոցով իրականացրած առաջին փորձը մեզ այդքան էլ չգոհացրեց, սակայն երկար որոնումներից հետո նորից անդրադարձանք Քրիստային և վերջնական որոշում կայացրեցինք: Քրիստան նման էր ֆիլմի հերոսուհուն, որովհետև նույնպես գաղափար չուներ, թե որտեղ գտնվում Հայաստանը, սակայն պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ շատ գոհ ենք Քրիստայից թե որպես պրոֆեսիոնալ, թե որպես մարդ:
-Եթե փորձենք վերադառնալ «Thank You, հայրիկ» ֆիլմի սցենարին, ապա ինձ հայտնի է, որ ըստ Վիգեն Ստեփանյանի` սցենարը ջան ասելով և ջան լսելով չի գրվել, բանավեճեր էլ հաճախ են եղել: Որո՞նք էին ստեղծագործական բախումների պատճառները:
-Նույն թեմայի շուրջ պարզապես երկու կարծիք կար, սակայն գաղափարն իմն էր և ըստ այդմ էլ` շատ լավ էի պատկերացնում, թե ինչ պետք է լիներ: Թեև արդեն նկարահանման հրապարակում սցենարում ի գուտ ֆիլմի որոշ փոփոխություններ եղան: Նշեմ եմ, որ Վիգենն իմ վաղեմի ընկերն է և միասին շատ ենք ստեղծագործել:
-Պարոն Պողոսյան, «Thank You, հայրիկ» ֆիլմում վերադարձ դեպի արմատներ գաղափարն է… Մեկ անգամ ասել եք` «Ինձ ոչ մի բան չի կարող այս երկրից հեռացնել». կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կարող էիք ապրել և ստեղծագործել այլ երկրում, ինչը երբեք էլ չեք արել: Ի վերջո, «Thank You, հայրիկ»-ը Ձեր մեծ հայրենասիրության արդյո՞ւնքն է:
-Չեմ կարծում, որ հայրենասիրությունն այդքան մեծ առավելություն է: Դա այնքան բնական պետք է լինի, որ չշեշտվի որպես դրական հատկություն: Ես որդեգրել եմ մի սկզբունք երիտասարդ տարիներին, որը կայացավավ Միացյալ Նահագներում 1990 թվականին, ես հասկացա, որ պետք է ապրեմ և մեռնեմ հայկական հողում,որովհետև եթե Աստված քեզ ստեղծել է հայ, ուրվագծել է այն հողահատվածը, որը կոչվում է հայրենիք և ասել է` քեզ տեսնեմ, թե ինչ կարող ես անել այս պայմաններում, այս իրավիճակում, այս բարոյական անկման շրջաններում, պատերազմական շրջանում, այսինքն` մի ճանապարհ իմ կենսագրության մեջ, որն ացնում եմ ես և իմ ընկերները: Ես չեմ ուզում հրաժարվել ինձ առաջարկված պայմաններից, Այստեղ ես սնվում եմ, ստեղծագործական մուսաններս այստեղ են գալիս,: Նշեմ, որ եթե չինացի լինեի կարծում եմ, նույն ձև կսիրեի Չինաստանը: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա ասեմ, որ այն ինձ համար արդիական էր, որովհետև շատ եմ առնչվել հայերի հետ, որոնց զավակներն արդեն իսկ արդյունք են տվյալ որևէ երկրի, մշակույթի և նույնիսկ գաղափար չունեն Հայաստանի և դրա դարդերի մասին; Սակայն շատ դեպքեր էլ են եղել, որ Հայաստան ոտք դնող մարդկանց մոտ միանգամից արթնացել է իրենց գենետիկան: «Thank You, հայրիկ»- սիրո մասին է, սիրող ծնողի, ամենագլխավոր հերոսը ֆիլմում հայրն է, ով թեև չի երևում, սակայն երեք նամակների միջոցով կարողանում է իր աղջկան վերադարձնել դեպի արմատներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ