Հոկտեմբերի 24-ին` ոչ իշխանական ուժերի երկրորդ հանրահավաքի ժամանակ, ուժերը հնչեցրեցին իրենց հայտարարություններն ու պահանջները: Ի թիվս բազմաթիվ ելույթների՝ հանդես եկավ նաև ԲՀԿ-ն, ում վերապահված էր հանրահավաքի հիմնական ելույթը։
Ի տարբերություն եռյակի մյուս երկու անդամների, ովքեր չեն տեսնում իշխանափոխության այլընտրանք, ԲՀԿ-ն հայտարարեց. «պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների»:
Իհարկե, այստեղ պարզ երևում է, որ ԲՀԿ-ն բարձրաձայնում է միայն մեծամասնական ընտրակարգի վերացման հարցը: Այսինքն անհամաձայնության ու հետագա տարաձայնությունների ֆոն է ստեղծվում, քանի որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեռ իշխանափոխություն չէ:
Այստեղ լիարժեք պատկեր ստաալու համար մեջբերեմ ԲՀԿ-ի ելույթից մի հատված. «իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք` երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ»: ԲՀԿ-ն ներկայացնում էր «համաժողովրդական շարժման» պահանջները, հետևաբար այստեղ նույնպես մինիմալացրեց շարժման «սպառնալիքը»:
Այստեղ պարզ երևում է, որ ԲՀԿ-ն ոչ թե մեծահոգի է գտնվում և ևս մեկ հնարավորությունն է տալիս իշխանություններին, այլ պարզապես նրա օրակարգում իշխանափոխության հարց դրված չէ, նրա պահանջը հստակ է` փոփոխության ենթարկել ընտրական օրենսգիրքը: