Օրերս Արուճ համայնքի բնակիչ Մայիս Գեղամյանը ցուցակագրվել էր Պաշտպանության նախարարությունում քաղաքացիների հետ ամենամսյա հանդիպումների շրջանակներում նախարար Սեյրան Օհանյանին տեսակցելու խնդրանքով: Ծառայության ընթացքում ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինծառայությունից վաղաժամ ազատված, իսկ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր անցնող Մայիսի խնդրանքն էր բուժման համար անհրաժեշտ օգնության տրամադրումը: ՊՆ համապատասխան մասնագետներն արդեն բազմիցս հանդիպել էին նրան և մասնագիտական ուղղորդում տվել բուժման համար: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, որին անդրադարձել էր նաև «Հետք» կայքը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ին անձամբ այցելեց Մայիսին և ծանոթացավ նրա բուժման հետ կապված խնդիրներին: 
Մայիս Գեղամյանի և նրա հարազատների հետ Արուճ համանքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հանդիսանալով պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու պատասխանատուն, նա չէր կարող չարձագանքել Մայիսի նամակին և օր իսկ հետաձգել հանդիպումը: Դա է պատճառը, որ «ռազմական բժիշկներից տեղեկանալով զինծառայության ընթացքում ծնկի վնասվածքին հաջորդած բարդացումների, դրանց հաջորդած ոտքի ամպուտացիայի և չարորակ ուռուցքի (օտրեոգեն սարկոմա) ախտորոշման մասին» նախարարը հեռաձայնել էր Մայիսի հարազատներին և պայմանավորվել հանդիպման համար: Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը մանրամասնորեն ծանոթացավ խնդրի էությանը, հավաստեց, որ իր կողմից կարվի ամենայն հնարավորը լավագույն բուժումն ապահովելու առումով: Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ Պաշտպանության նախարարությունը կհոգա հետագա բուժման հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը: Մայիսի ծնողները շնորհակալություն հայտնեցին նախարարին, ինչպես նաև հոսպիտալի ռազմական բժիշկներին, ովքեր ճիշտ ժամանակին ախտորոշել են և ամեն ինչ արել օգնելու համար: Նրանց ուղղորդումից հետո է Մայիսի բուժումը կարգավորվել:
Մտերմիկ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը նկատեց «որ պատերազմի տարիներին ծանր վնասվածք ստանալով` ինքն անձամբ առնչվել է նմանաբնույթ խնդրի հետ և չի հանձնվել» Նախարարը շեշտեց, «որ որոշ դեպքերում նման անախորժություններն անգամ կարող են խթան հանդիսանալ սեփական կամքի ուժի ամրապնդման և ինքնակատարելագործման համար»։ Սեյրան Օհանյանը հորդորեց նաև երբեք չհանձնվել, «չընկճվել և շարունակել պայքարել առողջության համար՝ երբեք չհրաժարվելով ապագա կարևոր ծրագրերից և երազանքներից» Ինքն իր կողմից նախարարը խոստացավ անել ամենայն հնարավորը երիտասարդի խնդիրներին օժանդակելու, «զորավիգ լինելու համար»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել