Մեկ ամիս է արդեն հանդիպում ենք, բայց արդեն քանի~ անգամ ենք վիճել` իրար չհասկանալով:
Ամեն անգամ իմանալով իմ դյուրաբորբոք բնավորությունը` դու առաջինն ինքդ ես մոտենում ու գրկելով ինձ` ամեն ինչ հարթում:
* * *
Լուսաբաց:
Չեմ ցանկանում վեր կենալ անկողնուց:
Աջ ձեռքիս վրա նրա գլուխն է, մազերն էլ` փռված ամբողջ բարձով մեկ:
Սավանը սահել է` բացելով կուրծքը:
Չնայել չի ստացվում:
Կրծքերը`աղավնու այդ անհանգիստ ու անկուշտ ձագերը, ամբողջ գիշեր տանջվելով իմ շուրթերից` հիմա անխռով քնած են:
Մի՞գուցե մրսում են, ծածկե՞մ, թե՞ ոչ:
Հայացքս ընկավ դիմացի պատին:
Աշխարհի քարտեզն է կպցված:
Մի ճանճ է սղում Իտալիայի վրայով, հետո անցավ Ֆրանսիա,Գերմանիա, թռավ նստեց Թուրքիայի վրա:
Երևի դուրը չեկավ, մանրիկ քայլերով մտավ Հայաստան ու արդեն հինգ րոպե է` չի շարժվում:
Քարտեզի վրա յուրաքանչյուր երկիր մի գույնով է ներկված:
Լուսաբաց:
Գույնե~ր:
Ամեն լուսաբաց իր գույնն ունի, իր երաժշտությունն ու իր տարամաբանությունը:
Կիսաձայնս լսելի էր սենյակում:
Այսօր լուսաբացը վարդագույն է ու շտապ պահանջում է սև սուրճ:
Զգույշ հանեցի ձեռքս գլխի տակից ու վեր կացա: Մոտեցա պատուհանին, որ լսեմ լուսաբացի ամենօրյա երաժշտությունը՝ կանանց կրունկների կտկտոցը մոխրագույն ասֆալտի վրա:
Երաժշտություն չկա, այսօր կիրակի է:
- Դու ինձ սիրու՞մ ես:
Շրջվեցի ու տեսա, թե ինչպես է սավանով փակում կուրծքը:
- Ի՞նչու ես փակում, թող մնա, գեղեցիկ է: Համ էլ սուրճ պատրստիր, լա՞վ:
- Չէ´, սկզբից պատասխանի´ր:
- Քեզ ինչպե՞ս կարելի է չսիրել, իհարկե, սիրում եմ:
- Ես լսում էի, թե ինչպես էիր մտածում, որ լուսաբացն իր գույնն ունի:
Իսկ ի՞նչ գույնի է քո սերը:
- Սուրճ եմ ուզում:
- Խնդրում եմ, ասա, հա՞:
- Դո´ւ ասա:
- Պետք է լինի կարմիր, դա է սիրո գույնը:
- Ո´չ, դա կրակի գույնն է, կրակ` մարմնում, իսկ դա դեռ սեր չէ, այն մարում է, հանգչում ժամանակի ընթացքում:
Օրինակ երեկ մարմինդ այրվում էր հաճույքի կարմիր գույնով, ու մի կողմ շպրտած սավանը փաթաթվել էր աչքերիս, շրթունքներիս… իսկ այսօր աչքերիցս թաքնվում է այդ նույն սավանի տակ:
Հանգչելով` կրակը դարձել է մոխրագույն: Սերը մոխրագույն չի կարող լինել: Պա՞րզ է:
Այտերը կարմրցին, գլուխը մտցրեց սավանի տակ:
- Կարմրեցի´ր, սիրո համար չեն կարմրում: Սուրճ չե՞ս սարքելու:
Մոտեցա, նորից պառկեցի: Քաշում եմ սավանը:
Ամուր բռնել է նուրբ մատներով, որտեղի՞ց այդքան ուժ:
Սավանի տակից նրա ձայնն է՝ մարմնից միաժանակ վանող ու կանչող:
- Նարնջագու՞յն:
- Ոչ, դա, այսպես ասած, աշխարհիկ գույն է` ուտելու հետ կապված:
Հիշո՞ւմ ես գովազդը. <Թարմ մնալու համար աշխատեք օգտագործել նարնջագույն մրգեր ու բանջարեղեն` նարիջ, մանդարին, գազար….նրանցից պատրաստված թարմ հյութեր> :
Նարնջագույն հեղափոխություն, ցույցեր, քաղաքական անհնազանդություն…
Այն նույն կարմիր գույնն է` միայն առանց ագրեսիայի:
- Դեղինի մասին ի՞նչ կասես: Ասա` գնամ սուրճ բերեմ:
- Դավաճան գույն է, չեմ սիրում, հիվանդության հոտ է գալիս:
Դեղինը միաժամանակ խորհրդանշում է և´ կյանք, և´ մահ:
Դեղինը հատուկ է դյուրաբորբոք մարդկանց:
Դեղինը բամբասանքի գույն է:
Երբ երկար նայում եմ դեղին գույնին, գլուխս ցավում է, աչքերս` հոգնում:
Քեզ մոտ այդպե՞ս չէ:
- Այդպես է, շրջվի´ր վեր կենամ:
- Չեմ նայում, վե´ր կաց,-ստում եմ ու չեմ կարմրում:
Սավանը վրան փաթաթած վազեց անկողնուց դեպի խոհանոց:
Հետո լսեցի նրա ձայնը, խաղի մեջ է մտել:
- Կապույտ գույնն անվերջ է, ձգում է տխրության, թուլության, դրամասիրության:
Կապույտը զիջող, ռոմանտիկ մարդկանց է հատուկ:
Համաձայն չե՞ս:
- Համաձայն եմ ,- բղավում եմ ես:
- Եկավ սուրճդ,- սավանը հնդկական սարիի նման փաթաթվել է նրա մարմնով:
Սպիտա~կ, սպիտա~կ:
- Երկնագույնը հատուկ է անընդհատ փոփոխվող մարդկանց: Նրանք չունեն կայուն սկզբունքներ, առավել ռոմանտիկ են ու…շուտ համաձայնվող:
- Արի´ ինձ մոտ:
- Չէ, գիտեմ կքանդես սավանը, չեմ ուզում:
- Խնդրում եմ, արի: Խոսք եմ տալիս:
Մոտեցավ:
Ձեռքը բռնեցի ու մոտեցանք պատուհանին:
- Տեսնում ես, - մատով ցույց եմ տալիս ինչ-որ տեղ:
- Ի՞նչ պետք է տեսնեմ, ոչինչ չկա, սովորական բակ է: Մեր բակն է:
- Նայի´ր լվացքի պարանին:
Նրա լվացքի պարանին թեթև քամու ձեռքերում պարում են մի քանի կանացի մանուշակագույն ներքնաշորեր:
- Ատում եմ մանուշակագույնը, նրանք իմ աչքերից թաքցնում են քո գեղեցիկ…
Մատները դրեց շուրթերիս ու նայում է ուղիղ աչքերիս մեջ:
- Դե՞,ինչ գույն մնա՞ց:
Մտքումս հաշվում եմ ու ակամա ցածրաձայնով ասում:
- Կանաչը:
- Կանաչը, - ավելի ցածրաձայն ասում է ու քանդում սավանը:
Կանգնած է գեղեցիկ կարճ, թափանցիկ, կանաչ գիշերանոցով:
Մեկ ամիս է արդեն հանդիպում ենք, բայց քանի անգամ ենք վիճել`իրար չհասկանալով:
Բայց ամեն անգամ իմանալով իմ դյուրաբորբոք բնավորությունը` դու առաջինը ինքդ ես մոտենում ու գրկելով ինձ` ամեն ինչ հարթում:
Ստացվում է, որ ես Դեղին գույնն եմ,Դու կապույտը ու միանալով…կանա՞չ:
- Ես չեմ սիրում ո´չ մի գույն, ո´չ մի երանգ, ես քե´զ եմ սիրում…
Զարմացած աչքերը վախ են արտահայտում,վախ` նորից վիճելու,նորից հաշտվելու:
Պատռում եմ տեղի տվող կանաչ գիշերանոցն ու նրա մերկ մարմինը ձեռքերիս վրա՝ մոտենում անկողնուն:
- Սպիտակի մեջ բոլոր գույներն են, մի կողմ նետիր
սավանը...
* * *
Սերը չի կարող լինել գունավոր:
Նա թափանցիկ է ու անգույն:
Ընդունում է այն գույնը, որով որ նրան են ընդունում:
Ի՞նչ գույն, երբ կրծքիս վրա թփրտում են քո կրծքերը, երբ հիմա կարմիրը կդառնա վարդագույն, կդառնա մորեգույն:
Երբ քո ձեռքերը` գրկած պարանոցս, ինձ բարձրացնում են դեպի արևը, հիմա դեղինը կդառնա կանաչ` քո չարչարված կապույտ շրթունքների գույնին խառնվելով:
Մոխրագույն աչքերդ փակ են ու դու լավ գիտես, որ կնոջ ամենաթույլ տեղը փակ կոպերն են, որոնց համբուրելը մի նոր ալիք է ծովի, մի նոր զմրուխտե փոթորիկ, մի նոր զգացմունք է, որ գույներ չունի:
Փակ աչքերիցդ կաթում են թափանցիկ արցունքներ ու լեզվիս վրա աղի համ չունեն:
Նրանք անգույն են, անգույն` արբեցնող ու երկինք հանող, երգեր են նրանք` բոլոր ժամանակների ու սիրո պահերի:
Ի՞նչ գույն, երբ ես չեմ զգում թե ու՞ր եմ գնում:
Իսկ դու որտե՞ղ ես:
Գոհարատուփը, որ նոր էր բացվել ու ցոլցլում էր կանչող գույների բազմերանգ ձայնով, մի՞թե գույն ունի~: Չունի~:
Իմ շրթունքները`կրքից գունաթափ, ճանապարհ են ընկել լուսնաթով մարմնիդ արահետներով, մի՞թե գույն ունե~ն: Չունեն~:
Քո թափանցիկ շրթունքները սոսնձվել են իմ պարանոցին ու ըմպում են միլիվայրկյաններ տևող հավերժության անգույն նեկտարը և դա գույն չունի~:
Իմ հառաչանքը մի՞թե գույն ունի, չունի~:
Քո կրքոտ հագոցները սպիտակ են, մաքուր, դե, ասա´, խնդրեմ.
- Սերը գույն ունի՞:
- Ունի~, կանա~չ է, այդպես եմ ուզում:
* * *
Աջ ձեռքիս վրա նրա գլուխն է,մազերն էլ` փռված ամբողջ բարձով մեկ:
Սավանը սահել է` բացելով կուրծքը:
Չնայել չի ստացվում:
Բայց արդեն ոչ մի փորձ չի անում փակելու:
- Դու ինձ վաղը կասե՞ս, թե քո սերն ինչ երաժշտություն ունի:
- Կասեմ, սիրելի´ս, կասեմ, թե ինչ երաժշտություն է, քանի մեգաբայթ է, ինչքան է կշռում,ինչ հասակ ունի և էլի~, էլի~: Սերը գույն ունի՞:
- Ունի~, կանա~չ է:
Հիմա իմ սերը մոխրագույն է, ուզում եմ քնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել