Անգլիայի առաջնության իններորդ տուրում կենտորնականը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումն էր, որի հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին տանտերերին հաջողվեց փրկվել պարտությունից՝ 1:1:
Այս հաղթանակից հետո «Չելսին» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը 23 միավորով, իսկ «Յունայթեդը» նահանջել է ութերորդ հորիզոնական:
19 միավորով երկրորդ տեղում ընթացող «Սաութհեմթոնը» նվազագույն հաշվով հաղթել է «Սթոկ սիթիի» ֆուտբոլիստներին:
Անցյալ տարվա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ունի 17 միավոր ու երրորդ տեղում է: Վերջին խաղում գործող չեմպիոնները 1:2 հաշվով զիջել են «Վեսթ Հեմին»:
Հենց վերջիններս էլ բարձրացել են չորրորդ հորիզոնական՝ իրենց ակտիվում գրանցելով 16 միավոր:
«Արսենալի» ֆուտբոլիստները, չնայած հաղթանակին, առայժմ հինգերորդ տեղում են, «Լիվերպուլը» հանգրվանել է յոթերորդ տեղում:
Տասներորդ տուրում կենտրոնականն, անշուշտ, նոյեմբերին 2-ին կայանալիք հանդիպումն է Մանչեսթերի երկու թիմերի՝ «Յունայթեդի» ու «Սիթիի» միջև:
9 տուրերից հետո նույնքան գնդակ են խփել ու ռմբարկուների ցուցակը գլխավորում են «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողներ Դիեգո Կոստան ու Սերխիո Ագուերոն:
Իսպանիայում սուպերկլասիկոն էր: Մադրիդի «Ռեալը» բոլոր առումներով գերազանցեց «Բարսելոնային»՝ հաղթանակ տանելով 3:1 հաշվով:
Չնայած դրան՝ «Բարսելոնան»՝ «Սևիլյայի» հետ միասին, վաստակել է 22 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մադրիդցիները մեկ միավոր պակաս ունեն:
9-րդ տուրում սևիլիացիները խաղավերջում կամային հաղթանակ են պոկել «Վլիյառռեալից»՝ 2:1:
«Վալենսիա» և «Ատլետիկո» Մադրիդ թիմերը հաղթանակներ են տոնել ու 20-ական միավորներով բաժանում են չորրորդ-հինգերորդ տեղերը:
10-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը:
Առաջնության անվիճելի ռմբարկուն Կրիշտանու Ռոնալդուն է՝ 16 գնդակով:
Իտալիայի առաջնության առաջատար «Յուվենթուսը» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Պալերմոյի» դարպասը, վաստակել է 22 միավոր ութ խաղում:
«Ռոմայի» ֆուտբոլիստները երեք միավոր պակաս ունեն ու երկու միավոր կորցրեցին «Սամպդորիայի» հետ վերջին խաղում:
«Ուդինեզեյի» ու «Սամպդորիայի» ֆուտբոլիստներն ունեն 16-ական միավոր: «Ուդինեզեյի» ֆուտբոլիստները վերջին տուրում երկու անպատասխան գնդակ են ուղարկել «Ատլանտայի» դարպասը:
«Միլանն» ու «Ինտերն» առայժմ զբաղեցնում են իրենց համար համեստ վեցերորդ ու ութերորդ տեղերը:
9-րդ տուրում հատկապես ուշադրության կենտրոնում է երկու օր հետո կայանալիք «Ինտեր»-«Սամպդորիա» հանդիպումը:
Առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ 7 գնդակ խփած Խոսե Կալյեխոն է, ով հանդես է գալիս «Նապոլի» ակումբում:
Գերմանիայի առաջնությունում շարունակում է պարտություններ կրել Դորտմունդի «Բորուսսիան», որը աղյուսակում 15-րդն է 18 թիմերի մեջ ու հետնապահին գերազանցում է ընդամենը երեք միավորով: Այդ ակումբում հանդես եկող մեր Հենրիխ Մխիթարյանը վեց խաղում չի դարձել ոչ մի գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով երկու «դեղին» քարտերով:



