Վերջին ժպտերես մարզպետը

Վերջին ժպտերես մարզպետը

Կառավարության որոշմամբ բազմակողմանի զարգացած, ինչպես նաև ժպտերես մարդիկ այսուհետև չեն կարողանա մարզպետի պաշտոն զբաղեցնել: Որոշումը պայմանավորված է ՀՀ Մարզպետական խորհրդի պահանջով:

Կառավարության մամլո խոսնակ Ազատ Խոսունցը հայտարարել է. «Այս որոշումը բալանս պահելու համար է: Չի կարող մեկ մարզում մարզպետ լինել բարձրագույն կրթությամբ և մի քանի լեզու իմացող մարդ, իսկ հարևան մարզում` 8-րդ դասարանն ավարտած մեկը: Այդպիսի համադրությունը անարդար կլինի»:

Որոշման կայացումը ավելի իրատեսական է դարձել Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականից հետո: Ըստ Մարզպետական խորհրդի` բալանսի խախտման հիմնական մեղավորը նա էր: «Ո՞նց կարա մարդ համ նվագել-երգելու ժամանակ ունենա, համ նորմալ աշխատի: Հլը սինթեզով երգելը հասկացանք (https://www.youtube.com/watch?v=dDpGrA3Wqoc ), մենք էլ կարանք, որ մի քիչ վիզ դնենք, բայց ջութակը ո՞րս ա (http://youtu.be/scljhrVY6Yc)»,- նշել է Արագածոտնի մարզպետի մամլո խոսնակը` մեջբերելով մարզպետի խոսքերը:

Գործընկերներին վրդովեցնում էր նաև Ղազարյանի ժպտերեսությունը և անմիջականությունը: «Ճիշտ մարզպետը պիտի չժպտա, որովհետև ժպիտը անլուրջ վերաբերմունք ա առաջացնում. էսօր ժպտում ես, վաղը կծիծաղաս, ու չեն հարգի: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դատապարտում եմ ցանկացած ժպիտ»,- նշել է Արմավիրի մարզպետի մամլո խոսնակի օգնականը` մեջբերելով մարզպետի խոսքերը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատուրովը անձամբ է արտահայտվել Ղազարյանի ու նման պաշտոնյաների մասին. «Սկի մի հատ սկանդալի մեջ չի ընկել, կյանքում մարդ ծեծած չկա, բա մեզ սազու՞մ են նման պաշտոնյաները»:

Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից: Մեր հարցմանն ի պատասխան` ուղարկվել է այն չափորոշիչների ցանկը, որոնք ունենալու դեպքում տվյալ անձը չի կարողանա մարզպետ դառնալ: Որոշ կետեր ներկայացնում ենք ստորև.

  • 3-ից ավել կարդացած գիրք

  • Երաժշտական որևէ գործիքի տիրապետում

  • Ժպտերեսություն

  • Կին ծեծելու կարողության բացակայություն

  • Լրագրողների հետ առանց կոպտելու շփման ցանկություն

  • Սարսափ չներշնչող տեսք

Մարզպետները և ցանկացողները ընդհանուր առմամբ գոհ են, սակայն առաջին կետում կարող են փոփոխություններ մտցվել` կարդացած գրքերի շեմը կարող է հասցվել 1-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել