Orer.am-ը գրում է․

Հայ արձակագիր, հասարակական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանին նրա զարմիկը՝ Գաբրիելա Գալոյանը, համարում է ամենաազդեցիկ ու ամենաքննարկվող քաղաքական գործիչներից մեկը, ով քննարկվում է մինչև հիմա: Վանո Սիրադեղյանի, նրա մասին պատմող հիշողությունների, ընտանիքին օգնելու, միլիոնների առասպելների, խրատների, ապագա ծրագրերի և այլնի մասին ORER.am-ը զրուցեց երգչուհի Գաբրիելա Գալոյանի հետ:
-Գաբիելա’, ո՞ւմից եք ժառանգել ձեր ձայնային տվյալները:
-Ձայնային տվյալներս ժառանգել եմ և հորիցս, և մորիցս: Իմ հայրիկի և մայրիկի ընտանքիները շատ երաժշտական ընտանիքներ են եղել, և ընտանեկան բոլոր միջոցառումներն անցկացվում էր երգի ու պարի ուղեկցությամբ…
-Կա՞ մեկը, ով վերահսկում է ձեր երաժշտական ճաշակը:
-Մայրս է վերահսկողը ժողովրդական երգերի առումով, իսկ կոմերցիոն բնույթի երգերն ինքս եմ ընտրում պրոֆեսիոնալ անձնակազմի հետ:
-Ձայնային տվյալները ժառանգել եք ձեր ծնողներից, իսկ գրելու տաղանդ չե՞ք ժառանգել ձեր մորեղբորից՝ Վանո Սիրադեղյանից:
-Ցավոք ոչ, գրելու տաղանդ չեմ ժառանգել:
-Բազմաթիվ գրքերի հեղինակ է պարոն Սիրադեղյանը՝ «Շատ չհամարվի», «Ծանր լույս», «Երկիր» , Ցպահանջ», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» և այլն: Ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ, կա՞ նրա գրքերից որևէ մեկը, որը միշտ ձեր սեղանին է:
-Մորեղբորս ձեռագիրն ու գրելաոճը ինձ համար դժվարընկալելի էր փոքր տարիքում: Բազմաթիվ անգամներ գրքերը վերցրել եմ ձեռքս ու փակել, հասկանալով, որ դեռ բավական չեմ հասունացել դրանք կարդալու համար: Վերջին երկու տարվա ընթացքում կարդացի ու շատ տպավորված եմ հոգեբանական մեծ ազդեցություն ունեցող պատմվածքներից: «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գիրքը միշտ մեր գրապահարանում է, իսկ իմ ամենասիրած պատմվածքներից մեկը «Գառ-ախպերիկ»-ն է, որի սցենարի հիման վրա վերջերս ֆիլմ նկարահանվեց և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում արժանացավ երկու մրցանակի: («Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին հայ-լեհական համատեղ «Կաթնեղբայրը» ֆիլմը միանգամից երկու մրցանակ է ստացել. «Հայկական համայնապատկեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերի մեջ այն արժանացել է «Ոսկե ծիրան» առաջին մրցանակի, իսկ լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթևոսյան» մրցանակ է տրվել սցենարի հեղինակներ, ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին ու Ալեքսանդրա Մայջինսկային,- խմբ.):
-Ինչո՞վ կուզեիք նմանվել ձեր մորեղբորը:
-Երևի գեներն իրենցն արել են: Ժառանգել եմ ծայրահեղ ու կտրուկ որոշումներ կայացնելու բնավորությունս:
-Ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք ձեր ու նրա հետ կապված:
-Հիշողություններ շատ ունեմ: Առաջին անգամ որսի գնացի նրա հետ: Շատ տպավորված էի, մի փոքր էլ վախեցած, բայց նրա կողքին ապահով էի ինձ զգում:
Մորեղբորս հետ ժամանակը շատ արագ ու հետաքրքիր էր անցնում: Երբեք չէիր իմանա, թե ի՞նչ է սպասվում քեզ հաջորդ րոպեին: Հիշում եմ նաև այն, թե ինչպես էր առավոտ շուտ սուրճ պատրաստում իր համար, ըմպում ու գնում աշխատանքի:
-Հիշո՞ւմ եք նրա քաղաքական գործունեության տարիները և հատկապես ի՞նչն եք հիշում:
-Ես Վանո Սիրադեղյանին առաջին հերթին ճանաչում եմ որպես մորեղբայր, հետո որպես արձակագիր, հետո նոր որպես քաղաքական գործիչ: Ինձ առանձնապես չի հետաքրքրել նրա քաղաքական կյանքը: Հորս մահից հետո մեզ խնամողը նա էր: Այդ տարիներին նրա մասին միշտ ծայրահեղ հակասող կարծիքներ էինք լսում՝ ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ, որոնք երբեմն հոգեբանական վատ ազդեցություն էին թողնում: Բնական է, մարդ է, չի կարող բոլորի կողմից սիրված լինել, առավել ևս, երբ նաև քաղաքական գործիչ է: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մորեղբայրս ամենաազդեցիկ ու քննարկվող քաղաքական գործիչներից մեկն է եղել, մինչև հիմա էլ քննարկվում է…
-Ամենաքննարկվող և ամենաազդեցիկ քաղաքական գործչի գործունեության տարիներին, դուք, ձեր ընտանիքը, նրա հարազատներն ունեի՞ն որևէ առավելություն ինչպես հիմա ընդունված է:
-Ո՛չ, մենք որևէ առավելություն չենք ունեցել և այդ ժամանակներում ապրել ենք այնպես, ինչպես ապրում էին բոլոր սովորական ընտանիքները: Ես շատ աղոտ եմ հիշում այդ տարիները, որովհետև փոքր եմ եղել, բայց իմ մեջ տպավորվել են տեսարաններ, որոնք երբեք չեմ մոռանա: Ի դեպ, այդ ծանր տարիներին մարդիկ ռոբոտացված չէին, հակառակը՝ ավելի սրտացավ ու կարեկցող էին: Մենք միշտ ապրել ենք այնպես, ինչպես բոլորը: Մեր հնարավորության սահմաններում օգնել ենք մարդկանց և երբեք չենք շահարկել մորեղբորս անունը: Չնայած մորեղբայրս էլ դա երբեք թույլ չի տվել: Մեր, իբր միլիոնների կամ Շվեյցարիայում ունեցած հաշիվների մասին առասպելներ են հորինում, ինչը ծիծաղելի է: Մենք միշտ մեր աշխատանքով ենք վաստակել մեր գումարը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



