Armlur.am-ը գրում է․
Դերասան Սարգիս Գրիգորյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Վերջին սերիալը, որում նա խաղացել է, «Անծանոթն» է: Դրանից հետո դերասանը ոչ մի առաջարկ չի ստացել, եւ այդ հանգամանքը մտահոգում է նրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը բարձրաձայնում է իր մտահոգությունների մասին:
-Արդեն մեկուկես տարի է՝ էկրաններին չեք երեւում, ո՞րն է պատճառը:
-Երեւի ինձանից տաղանդավոր մարդիկ կան, որոնք պետք է երեւան ասպարեզում: Կարծես թե ժողովուրդը սիրում է ինձ, անընդհատ հարցնում է իմ մասին: Սակայն, հակառակ դրան, ոչ մի առաջարկ չեմ ստանում:
-Գուցե ինչ-որ միջադե՞պ է եղել, որից հետո սկսեցին առաջարկները նվազել:
-Չգիտեմ…Համենայն դեպս, այնպիսի մի բան չեմ արել, որը նման կտրուկ հետեւանք թողներ: Ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել այս հարցում: Ինքս շատ բան եմ ենթադրում, բայց դա քիչ է, որպեսզի այդ մասին բարձրաձայնեմ:
-Ասում են՝ Դուք «թանկ վերցնող» դերասան եք…
-Հանդես գալ գլխավոր դերում, առավոտից մինչեւ երեկո նկարահանվել՝ ամսական 400-500 հազար դրամով. չեմ կարծում, թե դա թանկ գին է: Հարցն այն է, որ ես, առհասարակ, հրավեր չեմ ստացել…
-Գուցե դաշտը լցվել է «էժան» դերասաններո՞վ, ովքեր ձեռնտու են պրոդյուսերներին ու ռեժիսորներին…
-Այդ խնդիրը միշտ էլ եղել է: Այնպես չէ, որ իմ նկարահանվելու ժամանակ այդպիսի դերասաններ չկային: Եթե Ձեր նշած հանգամանքը լիներ պատճառը, ինձ կկանչեին ու գնի հարց կքննարկեին:
-Ուրեմն ինչ-որ մարդիկ չեն ուզում, որ Դուք դաշտում գործեք, այո՞:
-Ես ենթադրում եմ…Այլապես չէր կարող դերասանը, ով վեց գլխավոր դեր է կերտել, միանգամից չքանար դաշտից, ոչ մի հրավեր չստանար. դա հենց այնպես չի լինում: Ռեժիսորներն ու պրոդյուսերները կիմանան, որ «ճ» կլասի դերասան չեմ, ինձանով կարելի է վարկանիշ ապահովել:
-Այսինքն՝ Դուք բացառում եք, որ մասնագիտական առումով, հնարավոր է, սպառվել եք… -Ես՝ այո՛, բայց, գուցե, պրոդյուսերների ու ռեժիսորների կարծիքով սպառվել եմ…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



