2006-ի աշունն էր: Ընկերոջս հետ գնացինք Հրազդանի մալ-բազար՝ ղավուրմի համար էրինջ առնելու: Ուզածներս չգտանք, որոշեցինք մի քիչ պտտել` բան-ման տեսնելու համար: Խոսում էինք, մեկ էլ մի կորացած ծերուկ՝ պարկը ուսին, մոտեցավ մեր կանգնած տեղին, բացեց պարկը, փռեց գետնին, հանեց մի քանի տասնյակ հին իրեր ու սկսեց դրանք դասավորել: Էլ մաշված խոզանակներ, էլ «ատվյոռկաներ» (պտուտակահան չեմ ասում, որովհետև միայն Պ տառն էր մնացել դրանցից), կոտրված մարտկոցներ, ժանգոտված եղունգ կտրելիքներ, հին դանակ, պատառաքաղ, հարթուկի տակացու, էլ ի՜նչ ասես ուրիշ անպիտան բաներ: 
-Բիրիք եմ ծախում, երկու հարյուր հազարի ապրանք կա, ով շուտ քսան հազար տա` կտամ իրեն:
-Այ մարդ, վեց ամիս է գնում-գալիս ես, մի բան չես ծախել: Չհոգնեցի՞ր։
Միանգամից պատկերացրեցի իրավիճակն ու մոտեցա:
-Ինչքան տամ սրան,-ասացի,- վերջին գինն ասա:
-15 հազար, չեմ կարում ծախել, իմ խելքի բանը չի:
-10 կտամ,-ասացի...
Երկար բարակ սակարկությունից հետո 12 հազարով բարիշեցինք: Տվեցի, պարկը վերցրի ու քայլեցի դեպի բազարի ելքի ուղղությամբ: Ամբողջ ընթացքում ընկերս զարմացած նայում ու լսում էր մեզ: Բիձեն էլ հայացքը պարկից չԷր շեղում, կարծես կյանքի մեծ մասը մեջը մնաց:
-Ա՛յ ախպեր, փողը տվիր, լավ արիր, եղածը ետ տուր մարդուն,- ասաց ընկերս:
-Չեմ տալու, դու բան չես հասկանում: Վեց ամիս է՝ մարդը չի կարողանում ապրանքը վաճառել, այսօր վաճառեց, ազատվեց, հանդարտվեց, հասկանում ե՞ս։
Չտվեցի, աղբամանը նետեցի Երևանում, բայց վախը մեջս էր: Չգտնի հանկարծ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել