21-22 տարի առաջ էր: Իմ ու իմ հասակակիցների մանկության օրերը հագեցած պետք է լինեին հրաշալի գույներով, սակայն իրականությունը բավական մռայլ էր: Ամենուր հերթեր էին, հատկապես նավթի, բայց մենակ նավթը չէր, հաց, ձու, կարագ և այլն: Դրանք էլ գնելու համար պետք է գումար ունենայիր: Շատ քիչ մանկապարտեզներ էին գործում, այն էլ միայն տարվա տաք եղանակներին: Էլ ո՞նց գնայինք, ծնողներն էլ տանը մենակ ո՞նց թողեին ու գնային ժամերով հերթ կանգնելու... Հաճախ ես էլ էի գնում, մի քանի հաստ շոր մայրիկս իրար վրայից հագցնում էր, ձեռքերիս հագցնում ձեռնոցները, որ երկար թելով կարված էին միմյանց ու անցնում էին բաճկոնի մի թևից մյուսը, որպեսզի հանկարծ ձեռքիցս հանելուց հետո չկորցնեի: Մանկություն էր, որի գույները կորել էին: Հիշում եմ՝ ռուբլին այնքան էր արժեզրկվել, որ հայրիկիս աշխատավարձը երկու մեծ տոպրակ թղթադրամների կապոցի էր վերածվել: Թղթադրամ, որ արժեք չուներ: Երբ պատերազմի ժամանակ նորանկախ հանրապետությունում ալյուր չկար, ստիպված էին որդնած ալյուրով հաց թխել, որ հատուկ կտրոններով միայն կարող էի գնել: Հաջորդ ամսվա հացի կապտագույն կտրոնը տրվում էր ամսվա վերջում՝ ամեն ընտանքին մեկ հատ, ու ամեն առավոտ վաճառողը մի կերպ գրող գրիչով մեծ խաչ էր դնում տվյալ օրվա թվի վրա: Այդ օրը հաց գնել այլևս չէիր կարող: Օրերից մի օր լամպի լույսի տակ հացի կտորի մեջ հայտնաբերեցի արդեն եփված որդնած ալյուրից մնացած սև հետքերը: Էլ դրանից հետո հաց կուտե՞ս: Մանկության գույները դրանով էլ սահմանափակվում էին՝ սև ու սպիտակ, գորշ ու գորշագույնից բաց: Միայն երկինքն էր լազուր, ու ամպերը` սպիտակ: Այլ գույն տեսնելու համար միայն երկնքին էի նայում, այնտեղ գոնե այլ գույն կար ու մեկ-մեկ արևի ոսկին, նրա գույների երանգները, բայց ընդհանուրի մեջ դրանք էլ էին տարրալուծվում և գորշությունը` իր բազմագույն երանգներով հագեցած, անտանելի գույն էր դառնում: Ես փախչել էի ուզում իմ մանկությունից` հուսալով, որ այլ տեղ գույներ կլինեն... Բայց անգամ գարնան կանաչն ու ծաղկունքի գույներ էին գորշության մեջ: Տարօրինակ գորշությանը լրացնում էր մարդկային ջերմությունն ու կարեկցանքը: Մարդիկ ավելի մտերիմ էին, ավելի բարի միմյանց հանդեպ, առավել հաճախ էին հյուր ընդունում ու հյուրընկալվում: Հատկապես մեր տուն: Քչերն ունեին գծային հեռախոս, ու չունեցող հարևաններից շատերը մեր տուն էին գալիս զանգ կատարելու համար: Տարօրինակ է, բայց այդ այցերը ստիպում էին մարդկանց մենակ չմնալ իրենց տխրության ու գորշության մեջ: Ինչ էլ լիներ, հյուրի առջև անկեղծ ժպտում էին բոլորը, մի պահ ջերմություն` հոգու ջերմություն փոխանցելով... Այն ժամանակ մարդիկ ավելի անկեղծ էին, ավելի մարդամոտ: Համատարած գորշությունը մի փոքր տանելի էր դառնում այդ պարզության, անմիջականության ու բարության շնորհիվ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10205281878030550?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել