Ահա և գերտերություններն աստիճանաբար սկսում են բացել իրենց խաղաքարտերը։ Ես գիտեի, որ ստատուս քվոն չի կարող հավերժ ձեռնտու լինել բոլոր կողմերին և վաղ թե ուշ իրեն սպառելու էր, բայց եթե սրանից մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ ստատուս քվոյի վերջը դնելու թեկուզ քողարկված բայց նախաձեռնողը լինելու է ԱՄՆ-ը, ես նման հայտարարությունը կվերագրեի ամերիկոֆոբիային։
Այժմ, մենք տեսնում ենք հենց դա, սակայն իրավիճակն էլ էականորեն փոխվել է։ Այժմ վստահաբար կարելի է պնդել, որ Ղարաբաղյան նոր պատերազմում ամենաշատը (և նաև միակը) հետաքրքրված են հենց Միացյալ Նահանգները, որոնք էլ հմտորեն, քայլ առ քայլ մոտեցնում են իրավիճակը այն աստիճանին, երբ պատերազմն այլևս այլընտրանք չի ունենա կողմերից մեկնումեկի համար։
Անգամ Ադրբեջնին՝ ի դեմս իր ղեկավարության, պատերազմը խիստ վտանգավոր ու ռիսկային է թվում, անկախ իրենց հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների, որովհետև պետք է հասկանալ, որ նախ, ադրբեջանական իշխող կլանների ողջ ուժն ու հարստույթունը գալիս է նավթի արդյունահանումից, որը անհնար կդառնա մարտական գործողությունների վերսկսվելուն պես, մյուս կողմից, ադրբեջանական հասարակությունը շարունակաբար ապակողմնորոշվում է հենց ղարաբաղյան հարցի շահարկումներից, և ի վերջո, չկա ոչ մի երաշխիք, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը անգամ չպարտվելու դեպքում, որևէ էական նվաճում կարող է ունենալ։
Հակամարտության վերսկսվելու դեպքում կտուժեն նաև Ռուսաստանն ու Իրանը, որովհետև հանգուցային մեր տարածաշրջանն առանց այն էլ մեծ աշխաարհաքաղաքական դեր ունի, իսկ այս պատերազմը բոլոր հավակնությունները կունենա միջազգայինից վերաճելու տարածաշրջանային և ի վերջո, այն կարող է ունենալ շղթայական ռեակցիա, որը կբերի Եգիպտոսից մինչև Հյուսիսային Կովկաս ընկած տարածքներում արյունալի պատերազմների և բախումների։
Ռուասատանի համար այն նաև կնշանակի վերջին մեխը ինչպես ԱՊՀ-ի այնպես էլ, դեռ չծնված Եվրասիական Միության դագաղի կափարիչին, իսկ Իրանի համար սա կնշանակի վերջնական շրջափակում արտաքին աշխարհից, ինչպես նաև պայթյունավտանգ իրավիճակ՝ կապված փախստականների հետ։
Հայրենականի տարիներին մի ասացվածք կար. «Что русскому хорошо, то немцу смерть». Այս տրամաբանությամբ էլ կարելի է նկարագրել ԱՄՆ-ի հաշվարկը. Ինչը մահացու է կամ վատ է Իրանի ու Ռուսաստանի համար, դա լավ է ԱՄՆ-ի համար, իսկ եթե ակնկալվող «լավի» մասշտաբները տպավորիչ են, ապա ԱՄՆ-ը չի խորշի հանուն դրա տասնյակ հազարավոր հայերի և ադրբեջանցիների կյանք դնել իր նպատակի զոհասեղանին։
Այ հենց այս համակարգից ելնելով էլ ԱՄՆ Պետ դեպարտամենտից տեղեկատվական արտահոսքեր են սկսել թույլ տալ, որոնք առայժմ մեղմորեն ակնարկում են, որ այլևս իմաստ չկա բանակցելու, միևնույն է դա ոչնչի չի բերում, իսկ մյուս կողմից էլ, ԱՄՆ-ը «անհատական» աշխատանքներ է տանում հակամարտող կողմերից երկուսի հետ էլ՝ ստեղծելով պատրանք, որ նա կողմերից ինչ որ մեկի կողմից է (Օբաման մի ձեռքով քննադատում է Սաֆարովի դեպքը, իսկ մյուս ձեռքով արտոնում Իսրայելին 1.5 միլլիարդի զենք վաճառել Ադրբեջանին)։
Այս ամենը արվում է նրա համար, որպեսզ մի կողմից ինչպես հակամարտող կողմերի ժողովրդներին, այնպես էլ միջազգային հանրությանն աստիճանաբար համակերպացնել, որ բանակցություններն անիմաստ են, որովհետև հենց այդ մտքի հետ մարդկային գիտակցությունը համակերպվում է, առաջաանում է պահանջարկ նոր պատերաազմի, իսկ հաշվի առնելով ամերիկայի արսենալում առկա քարոզչական և համոզման այլ միջոցները, միայն ժամանակի հարց է, թե երբ կողմերից մեկնումեկը կտրվի սադրանքի ու կհնչի հրետանային առաջին համազարկը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել