Cosmo.am-ը գրում է․
Աշխատանքային նոր առաջա՞րկ ես ստացել։ Ոգևորվել ես, իհարկե, սակայն չես կողմնորոշվում՝ ինչ անել ներկա աշխատանքիդ հետ: Համատեղել չի ստացվի, իսկ նոր հեռանկարներից չես ուզում հրաժարվել: Էլ չեմ ասում արդեն իսկ հարազատ դարձած գործընկերներիդ մասին։ Համաձայն եմ, շատ դժվար ընտրություն է, բայց թույլ տուր օգնել քեզ:
Պետք է առաջ նայել...
Դու ցանկանում ես որոշակի առաջընթաց ունենալ քո կարիերայում, այնպես չէ՞: Ինչքան էլ բավարարված լինես քո ներկա աշխատանքով, կա լճացման վտանգ: Մի՛ վախեցիր փորձել նորը. չէ՞ որ հնարավոր է՝ նոր աշխատավայրդ նույնքան կամ ավելի հաջող լինի քեզ համար: Միայն թե չշտապենք որոշում կայացնել, ամեն ինչ հերթով:
10 նշան, որոնց առկայության դեպքում արժե փոխել աշխատանքը
1. Չես ուզում աշխատանքի գնալ։
2. Ուժերդ քեզ անընդհատ դավաճանում են։
3. Սկսել է թվալ, որ տնային տնտեսուհի լինելն այդքան էլ վատ չէ։
4. Աշխատանքդ սկսել է թվալ անիմաստ ու անօգտակար։
5. Վերջին շրջանում անգիր ես արել աշխատանքային բոլոր հայտարարությունները։
6. Տրամադրության հաճախակի անկումներ ես ունենում աշխատանքի պատճառով, ինչն ազդում է առողջությանդ վրա։
7. Գործընկերներդ օտար մարդիկ են քեզ համար, ու դու նրանց չես հարգում։
8. Երկուշաբթի օրվանից սկսած՝ դու առանձնահատուկ տագնապով ես սպասում՝ երբ պետք է մոտենա ուրբաթ երեկոն։
9. Աշխատանքային չափից դուրս անհարմար պայմաններն արդեն անտանելի են։
10. Ավելի հաճախ անգործությամբ ես զբաղված ու «չաթ» ես անում սոցկայքերում, քան աշխատում ես:
Բազմակողմանի համեմատություն
Երիցուկի թերթիկներ պոկել պետք չէ: Լրջորեն վերլուծիր բոլոր հանգամանքներն ու ծանրութեթև արա նոր աշխատանքի դրական ու բացասական կողմերը: Եթե անհրաժեշտ ես համարում, թղթի վրա նշիր երկու աշխատանքների դրական կողմերը, որպեսզի ավելի իրական տեսնես պատկերը: Եթե հնարավոր է, փորձիր ներսից ծանոթանալ նոր աշխատավայրին ու պայմաններին. միայն լսելը բավական չէ: Այդ ամենից հետո եթե համոզվես, որ առաջարկությունն իսկապես հաջող է, ուրեմն պետք է առաջ շարժվել... Պարզապես մի պահ հարցրու ինքդ քեզ՝ արդյո՞ք դա քեզ պետք է:
Անժամանակ փոփոխություննե՞ր
Ենթադրենք պաշտոնի բարձրացում կամ ավելի հետաքրքիր, բարձր վարձատրվող աշխատանք ես երազում: Սակայն այս պահին քեզ դեռ պատրաստ չես զգում նման փոփոխության: Գուցե կան ինչ-ինչ պատճառներ, որոնք խոչընդոտում են քո առաջընթացին:
Ինչ անել: Օրինակ՝ պատկերացրու քո նոր, ավելի հարմարավետ աշխատասենյակը կամ այն առավելությունները, որ կունենաս նոր աշխատանքի դեպքում (ասենք՝ ավելի շատ ազատ ժամանակ կամ զբոսնելով աշխատանքի գնալու հնարավորություն): Մտածիր նաև նոր հետաքրքիր մարդկանց մասին, որոնց հետ կծանոթանաս և, ով գիտե, գուցե նաև շատ մտերմանաս: Փորձիր պատկերացնել այն ուրախությունն ու երջանկությունը, որ կստանաս նոր առաջարկն ընդունելու դեպքում: Որքան հանգամանորեն պատկերացնես ու զգաս այդ հաճույքը, այնքան ավելի հեշտ կլինի հարմարվել նոր պայմաններին:
Ախր, շատ կկարոտեմ
Դեռ որոշում չկայացրած՝ արդեն իսկ կարոտում ես ձեր ուրախ ընդմիջումները, միմյանց համար պատրաստած խենթ անակնկալները կամ կարևոր միջոցառումից առաջ գրասենյակում անցկացրած անքուն գիշերը ...
Ինչ անել: Հիշիր մանկությունդ, որին հրաժեշտ ես տվել, բայց այն միշտ քեզ հետ է, չէ՞: Ո՞վ էր մեկ շաբաթ առաջ խենթուկի նման վազվզում փուչիկներով ու ցանկանում օգտվել բոլոր կարուսելներից: Հին աշխատավայրի (Նախկին գործընկերների) հետ հարաբերությունները կարող ես պահպանել՝ պարբերաբար հանդիպումներ նախաձեռնելով:
P.S. Մարդն աճում է, և դա անխուսափելի է ու բնական: Դու չես կարող առաջ շարժվել, եթե երբեմն-երբեմն չհրաժարվես քեզ համար թանկ բաներից: Իսկ լճացած մարդը, լինի դա աշխատավայրում, թե կյանքի այլ ոլորտներում, խնդիրներ կարող է առաջացնել թե՛ իր և թե՛ շրջապատի համար: Այնպես որ, անկասկած առա՜ջ, սակայն համակողմանի ու սառնասիրտ վերլուծությունից հետո միայն: