ArmnewsTV.am-ը գրում է.
Խորհրդային շրջանում շենքերի տանիքները, կոյուղագծերը, նույնիսկ վառարանները պատրաստում էին ասբեստից: 2005 թվականից ասբեստի օգտագործումն արգելվեց ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հունաստանում, Իտալիայում և Կիպրոսում: Հիմա հարցը քննարկվում է Ռուսաստանում: Պատճառը մարդկանց առողջությանը սպառնացող վտանգն է:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամները մեծ աշխատություն ունեն ասբեստի վտանգավոր լինելու մասին: Նրանք ուսումնասիրել են իրենց ու հարևան երկրների վիճակը: Ասբեստափոշու պատճառով շինարարական ընկերություններում ու արտադրամասերում աշխատող բանվորների մեծ մասի մոտ քրոնիկ թոքային բորբոքումներ են առաջանում: Բացի այդ ասբեստափոշին մեծացնում է քաղցկեղածին հիվանդությունների ռիսկը: Ռուս հետազոտողը նշում է` համեմատած Ռուսաստանի ու Թուրքիայի, Հայաստանում պատկերը հուսադրող է:
Վերջին տարիներին ասբեստ պարունակող շինանյութեր շատ քիչ են օգտագործում: Վտանգը չեզոքացնելու համար անհրաժեշտ է եղածը փոխել: Առողջապահության փոխնախարարը գիտի, որ դա մեծ ծախս է պահանջում, խնդրին պետական մոտեցում է անհրաժեշտ: Լավ է, որ վերջին 40 տարվա ընթացքում Հայաստանում ասբեստի պատճառով առաջացող ասբեստոզ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել:
Ասբեստից հրաժարվելու և ասբեստոզին զոհ չգնալու համար հայ և ռուս մասնագետները քննարկում են հնարավոր լուծումներն ու դրանց արդյունավետությունը: Քննարկման օրակարգում գլխավոր հարցերից մեկն էլ սա է` ԱՊՀ անդամ երկրներն արդյոք պետք է ամբողջովին հրաժարվեն դրա օգտագործումից:
Տեսանյութը՝ այստեղ