Ցանկացած հասարակության կենսակերպի ճիշտ կազմակերպման համար լավագույն ինստիտուտներից մեկը օրենսդրությունն է, ընդ որում՝ ոչ միայն Մոնտեսքյոյի սահմանած որոշակիության ու հստակության տեսքով, այլև՝ դրա սոցիալական հիմքով: Այս առումով, օրենքը պետք է լինի հասարակական հարաբերությունների այնպիսի կարգավորիչ, որի զսպման գործառույթը չգերազանցի մարդու կենսապայմանի հնարավորությանը, հակառակը, այն պետք է միտված լինի այդ կենսապայմանի տեղափոխմանը օրինականության, կարգուկանոնի և վստահության հուն:
Մենք խնդիր ունենք այդ հունով շարժվելու, որը ժամանակի ընթացքում աստիճանաբար խորանալու և ընդլայնվելու միտում պետք է ունենա: Առավել զգայուն դաշտում են վարչական տույժ-տուգանքներ սահմանող օրենքները, որոնք հաճախ հասարակության կողմից գտնում են սուր հակազդեցություններ և վերը նշված հունը սկսում է փոփոխվել, քանդվել, դուրս գալ կարգուկանոնի սահմաններից և այլն: Հետևաբար՝ օրենքը պետք է ունենա սոցիալ-տնտեսական պայմաններն արտացոլելու բովանդակություն, պետք է իր հիմքում ներառի նաև սոցիալական վարքի նորմերը, որպեսզի ռեակցիոն վարքաբանության առաջացման պատճառ չհանդիսանա, և «կարգուկանոնի հունը» չքանդվի:
Դիցուք, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նախկինում ճանապարհատրանսպորտային խախտումների համար նախատեսված վարչական տուգանքը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում այն եռապատկվում էր, իսկ 60-օր հետո՝ հնգապատկվում: Այժմ ոլորտը, վերը նշվածի տրամաբանությամբ, կարգավորվել է, և նշված ժամկետներում չվճարելու դեպքում ավելանում է, համապատասխանաբար՝ տուգանքի 25 տոկոսի և 50 տոկոսի չափով: Տուգանքի՝ ժամկետում չվճարման «գինը» այնքան թանկ կամ ծանր չի անդրադառնա մարդու վրա, որից կարող է տուժել նրա կենցաղը՝ միևնույն ժամանակ ստիպելով նրան ավելի հակվել օրենքի պահանջների կատարմանը, և, պատկերավոր ասած, տեղի է ունենում «օրենսդրություն-հասարակություն երկխոսություն» (օրենքը՝ որպես վստահության աղբյուր):
Այսպիսի երկխոսությունն էլ հենց իրավական դաշտի ձևավորման և կայացման հիմնական ինստիտուտն է, որն աստիճանաբար կամրացնի մեր հասարակության կենսունակության բարձրացման համար չափազանց կարևոր իրավական ենթահամակարգը: