Life.panorama.am-ը գրում է․

«Անավարտ թռիչք». Նոր ֆիլմ՝ Հ1-ի  և «Շարմ»-ի նախաձեռնությամբ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և «Շարմ» հոլդինգը համատեղ ուժերով նկարահանում են գեղարվեստական ֆիլմ, որը կկոչվի «Անավարտ թռիչք»: Այդ մասին Life.panorama.am-ը տեղեկացավ դերասան Վարդան Հովսեփյանից, ով ֆիլմում կերպարանավորելու է գլխավոր դերակատարի մտերիմ ընկերոջը՝ Մարգարին:

«Ես հանդես եմ գալիս Մարգարի՝ գլխավոր հերոսի մտերիմ ընկերոջ դերում: Ըստ ֆիլմի, գլխավոր հերոսը բռնցքամարտիկ է:  Ինչ-ինչ պատճառներով ընկերները որոշում են գողություն անել, բայց:  Առաջին հայացքից ծնված սերը խանգարում է: Ասեմ, որ հետաքրքիր և անսպասելի վերջաբան է ունենալու ֆիլմը… մնացած մանրամասները՝ կինոթատրոններում»,-տեղեկացրեց դերասանը: Գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, ստեղծագործական կազմում ներգրավված են պրոֆեսիոնալ մասնագետներ, ինչն էլ հուսադրում է, որ որակն ապահովված կլինի: Գլխավոր դերակատարներն են Տիգրան Մակարյանը և Տաթևիկ Հովակիմյանը:

Մեզ հետ զրույցում Վարդան Հովսեփյանը նշեց և կարևորեց այն, որ «Անավարտ թռիչք»-ն անկեղծ ու մաքուր սիրո պատմություն է. «Սիրո շատ հետաքրքիր ու գեղեցիկ պատմություն է: Կցանկանամ, որ կյանքում վիրտուալ շփումը մի քիչ պակասի և մարդիկ ավելի շատ ժամանակ տրամադրեն միմյանց: Այլապես, այսօր քիչ է մնում մեր սիրահար զույգերը սրճարաններում էլ կողք-կողքի նստեն ու ինտերնետով շփվեն: Համոզված եմ, որ այս ֆիլմը մեծ հաջողություն է ունենալու՝ անկեղծության ու սիրային գեղեցիկ, ուսուցողական պատմության շնորհիվ: Ի դեպ, թեև դերասանն այսօր ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում՝ նկարահանվում է այս ֆիլմում, նաև «Ամնեզիա» հեռուստասերիալում, սակայն, չի դժգոհում. «Գիտեք, կար մի ժամանակահատված, որ մասնագիտական զբաղվածություն չունեի: Անտանելի էր… Այնքան լավ է, երբ աշխատում ես: Երբ զբաղվածությունդ քիչ է լինում, ավելի շատ ես հոգնում, քան աշխատելիս: Երբեք չեմ զլացել աշխատելուց: Ավելի լավ է հոգնեմ, բայց պարապ անգործ չլինեմ… Խոսքը միայն ֆինանսի մասին չէ, հոգևոր աշխարհդ է լցվում: Գիտես՝ ինչի համար ես արթնանում, ինչ նպատակ ունես: Իսկ այ երբ սկսում ես մտածել՝ ի՞նչ անեմ, այդտեղ շատ բաներ եզրափակվում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել