Պարզաբանում

«Հրապարակ» օրաթերթն, անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի մասին ծանուցմանը, մասնավորապես` նախօրեին լրագրողների համար նախատեսված վայրերում փակցված հայտարարությանը, նշել է. «Սակայն պարոն Բաբայանը կարծում է, որ եթե լրագրողն իր հավատարմագիրը՝ «բեյջը», չի կախում պարանոցից, այլ կրում է, ասենք, գրպանում կամ պայուսակում, դա կանոնների խիստ խախտում է: Նա անգամ լուսանկարել է այդ «խայտառակ» փաստը և սպառնացել` հաջորդ անգամ բեյջը կախած չտեսնելու դեպքում «կարգազանց» լրագրողներին զրկել հավատարմագրից»: Այնուհետև օրաթերթն ավելացրել է, թե «Միանգամից նշենք, որ կանոնակարգով չկա նման պարտադրանք»: 
Նախ` անդրադառնալով վերջին կարծիքին` նշենք, որ հավատարմագիր կրելու պարտավորությունը նախատեսված է 2009 թ. օգոստոսի 21-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը» հաստատելու մասին ՀՀ ԱԺ նախագահի թիվ ՆՈ-003-4 որոշմամբ (այսուհետ` Կարգ): 
Կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով հավատարմագրված լրագրողների համար նախատեսված ի թիվս այլ պարտականությունների` սահմանված է. «Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, կրել այն Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում…»: Ինչ վերաբերում է «կրել» բառի բացատրությանը, ապա հարցն ավելի քան պարզ է, չի ենթադրում անգամ իրավաբանական գիտելիքների տարրական իմացություն, բավարար է միայն բացել Էդուարդ Բագրատի Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ն ու կարդալ` « կրել - մարմնի կամ հագուստի վրա ագուցել՝ կախել, ամրացնել» բացատրությունը:
Այսպիսով նշենք, որ հավատարմագրի կրումը Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում պարտադիր կանոն է, որի խախտումը Կարգի 18-րդ կետի «դ» ենթակետի հիմքով կարող է առաջացնել լրագրողի հավատարմագրման վաղաժամկետ դադարեցման:

ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել