Cosmo.am-ը գրում է․
1. «Իմ ծանոթները, որոնք արդեն 2 տարի է՝ ամուսնացած են, չեն կարողանում որևէ տեղ գնալ առանց ուրիշների ընկերակցության։ Սկզբում մտածում էի՝ ընկերական շփման կարիք ունեն, բայց այժմ նույնիսկ տարօրինակ է... Իրենց ազատ ժամանակն առանձին երբեք չեն անցկացնում, միշտ հրավիրում են ինձ կամ մյուս ընկերներին...»:
Արեն, 29 տարեկան
2. «Ընկերներիցս մեկը 3 ամիս է՝ սկսել է հանդիպել մի աղջկա հետ, ու կարծես ամեն ինչ լավ էր սկզբում, բայց հիմա բոլորս խուսափում ենք նրանցից, որովհետև ամեն անգամ, երբ հանդիպում ենք, նրանք բոլորի ներկայությամբ սկսում են վիճել, իսկ մենք չենք իմանում՝ ինչ անել»:
Ալինա, 21 տարեկան
3. «Ընկերոջս հետ գնացել էինք երեկույթի, որտեղ հանդիպեցինք նրա ընկերներից մեկին՝ կնոջ հետ: Իմանալով, որ մենք ամուսնանալու պլաններ ունենք՝ նրանք սկսեցին մեր վզին փաթաթել իրենց ամուսնության ողջ արարողությունը՝ սկսած քողից մինչև մանուշակագույն անձեռոցիկները»:
Մարիանա, 25 տարեկան
4. «Ընկերներիցս մեկը և նրա ընկերուհին ամեն հարմար առիթ օգտագործում են՝ ինձ համար կյանքի ընկերուհի գտնելու համար: Եվ հարցը միայն չի վերջանում հանդիպումների առաջարկով. մի անգամ միասին երեկույթի էինք, և մեր սեղանի շուրջ հայտնվեց մի անծանոթ աղջիկ, որին հրավիրել էին հենց ընկերներս... Ես շատ անհարմար դրության մեջ ընկա, քանի որ այդ աղջիկը մտածում էր, թե գիտեմ իր մասին»:
Սամվել, 25 տարեկան
5. «Ես ծանրաբեռնված եմ աշխատանքում, այդ պատճառով ընկերուհիներիս հետ հանդիպումները շատ կարևոր են ինձ համար: Պայմանավորվել էինք հանդիպել միայն աղջիկներով։ Ընկերուհիներիցս մեկն ասաց, որ ինքն էլ կմիանա: Հաջորդ օրը երեկոյան տեսնենք՝ եկել է ընկերոջ հետ...»:
Սելինե, 24 տարեկան
6. «Մեր ընկերախմբում մի զույգ կա, որ ամեն հանդիպմանն ու ամեն առիթով խոսում է վերջերս Հունաստան կատարած այցի մասին: Մենք արդեն անգիր գիտենք, թե որտեղ են նրանք գիշերել կամ ճաշել, էլ չեմ խոսում Facebook-ում անընդհատ տեղադրվող նկարների մասին: Ամեն ինչին չափ ու սահման կա»:
Միհրան, 26 տարեկան
7. «Եղբայրս ու նրա ընկերուհին ուղղակի անտանելի են. ուր գնում ենք, սկսում են արհեստականորեն խանդի տեսարաններ սարքել, միմյանց ուշադրությունը գրավել: Վերջում զայրանում են միմյանց վրա, նեղացած նստում. դժվար է նրանց հետ. ոչ մի լուրջ բան քննարկել չի լինում»:
Աննա, 19 տարեկան
8. «Ընկերուհիս իր ընկերոջ հետ միշտ վիճում է ուտելիքի համար. ընկերը սիրում է ուտել իր սիրելիի ամանից, հատկապես երբ շատ քաղցած է լինում: Ու գնա՜ց. սկսվում է տուրուդմբոցը: Սկզբում զվարճալի էր, իսկ հիմա այնքան էլ չէ»:
Վազգեն, 29 տարեկան
9. Մի անգամ հրավիրված էինք ընթրիքի՝ շատ համեղ ուտեստներով։ Ընկերներիցս մեկը կատակեց՝ ցանկանալով հաճոյախոսել տանտիրուհուն. «Երանի Մարիամն էլ այսպես համեղ պատրաստեր», իսկ Մարիամը, որ նստած էր նույն սեղանի շուրջ, պատասխանեց. «Երանի դու էլ բերանդ փակ կարողանայիր պահել»: Ու քանի որ մենք չգիտեինք լուրջ են նրանք, թե կատակում են, անհարմար լռությունից հետո սկսեցինք ցուցադրական ծիծաղել»:
Աննա, 24 տարեկան
Զույգեր, որ համարում են, թե իրենք իդեալական են և աշխատում են խառնվել բոլորի կյանքին
Այս դեպքում մեր «աղունիկները» կարծում են, որ իրենք երջանկության չափանիշ են և իրենց պարտքն են համարում իրենց «վարդագույն» կյանքից օրինակներ բերել ու «օգնել» մյուսներին էլ երջանիկ լինել: Արդյունքում՝ շրջապատի մարդիկ սկսում են խուսափել նման «երջանիկ զույգերից»:
Խորհուրդ նման զույգերին: Շատ երջանիկ, իդեալական և խելացի լինելու ձեր ցանկությունն իրականում խոսում է ձեզ մոտ առկա խնդիրների մասին: Մի՛ մոռացեք. եթե մարդ որևէ բանի վրա մեծ շեշտ է դնում, ուրեմն ենթագիտակցորեն գոռում է. «Օգնեցե՜ք, ես խնդիր ունեմ...»: Հետևաբար կա՛մ սկսեք լուծել ձեր խնդիրները, կա՛մ չափավորեք խորհուրդները:
Զույգեր, որ չես հասկանում՝ ինչպես և ինչու են հանդիպել ու որոշել լինել միասին, քանի որ ոչ մի ընդհանուր բան չունեն
Այս մարդիկ զրուցելու թեմա էլ չունեն, դրա համար էլ վախենում են մենակ մնալուց: Իրար գրեթե չեն ճանաչում, խոսում են միայն արտաքինի, Facebook-ում իրենց ստատուսների մասին:
Խորհուրդ նման զույգերին: Եթե ցանկանում եք հետագայում չկանգնել փաստի առաջ, սկսեք իրար ճանաչել, փորձեք հասկանալ՝ իսկապես դուք պետք է միասին լինեք, թե ոչ...
Զույգեր, որ ուշադրության կարիք ունեն և ամեն առիթ օգտագործում են՝ շրջապատի ուշադրությունը գրավելու համար
Այս դեպքում կինը կամ տղամարդը (կամ երկուսն էլ միասին) շատ մեծ ուշադրության կարիք ունեն, իսկ տեսարաններ սարքելը լրացուցիչ ուշադրություն գրավելու ևս մեկ միջոց է: Բացասական ուշադրությունը ևս ուշադրություն է. մարդիկ նկատում են, խոսում, երբեմն էլ խղճում կամ պաշտպանում են կռվարար կողմին:
Խորհուրդ նման զույգերին: Այսպիսի վարքագիծն առողջ լինել չի կարող ու չի տանի հարաբերությունների առողջ զարգացմանը: Եթե կողակիցը թանկ է ձեզ համար, աշխատեք պահել նրան ձեր կողքին, մի՛ մոռացեք, որ հերթական պատերազմը մի մեծ քար է ձեր երկուսի միջև: