Հարց

Ինչպես է կատարվում ամուսնալուծությունը դատարանի միջոցով այն դեպքերում, եթե կողմներից մեկը հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության վերաբերյալ որևէ փաստաթուղթ, և ինչպես է որոշվում անչափահաս երեխայի որ ծնողի հետ մնալու հարցը:

Պատասխան

 Ինչպես ամուսնությունն, այնպես էլ ամուսնալուծությունն ենթակա են պատական գրանցման քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում: Ամուսնալուծության համար ամուսինները պետք է ՔԿԱԳ մարմնում ներկայացնեն համատեղ դիմում, սակայն լինում են դեպքեր, երբ ամուսիններից մեկը հրաժարվում է համատեղ դիմում ներկայացնելուց կամ առհասարակ հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ:

Նման դեպքերի համար ՀՀ ընտանեկան օրենսգիրքն սահմանել է, որ ամուսնալուծությունն իրականացվում է դատական կարգով, ընդ որում պետք է նկատի ունենալ, որ ամուսնալուծվելու մասին դատարան ներկայացվող դիմումը ենթակա է վերադարձման, եթե դիմումը ներկայացրել է ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության:

Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ: Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու պահանջը:

Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները: Նման համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները:

Նշված հարցի լուծման համար դատարանը գործում ներգրավում է համապատասխան խնամակալության և հոգաբարձության մարմնին, որն ուսումնասիրության արդյունքում տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություն: Դատարանը հարցի քննարկման ժամանակ հաշվի է առնում նաև տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ամեն դեպքում, դատարանը պարտավոր է հարցը լուծել ելնելով երեխայի լավագույն շահերից:

Դատական կարգով լուծվող ամուսնության դադարման պահը դատարանի կայացրած վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն է:

Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Հայկազ Գալստյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել