Պատմությունը, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ, ոչ թե հոլիվուդյան ոճով գրված դետեկտիվ ֆիլմի սցենար է, այլ իրական` մեր օրերից վերցրած: Ձեզնից շատերը կհիշեն վերջերս տեղի ունեցած կրկնակի ինքնասպանության դեպքը (հայր և որդի կախվել էին իրենց տան ձեղնահարկում): Այժմ ներկայացնեմ մեկ այլ պատմություն, որն իմ կարծիքով ուղղակի կապ ունի այս ողբերգության հետ, գուցե և ընկած է դրա հիմքում:
Աշոտ Լավրենտի Առուշանյանին

 մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը ձևակերպվել է հետևյալ կերպ. նա առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկեր Է.Կ.-ին և ծանոթ Ա.Գ.-ին (վերոնշյալ ինքնասպան եղած երիտասարդն է) օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ:
Նախքան դեպքի նկարագրությանն անցնելը հարկ եմ համարում նշել, որ Աշոտ Առուշանյանը, որը 2003 թվականին ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, 2007 թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2009 թ.-ին միաժամանակ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ու Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան` ստանալով համապատասխանաբար տնտեսագիտության ու գործարար կառավարման մագիստրի կոչումներ: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան և պետք է ստանար տնտեսագիտության թեկնածուի կոչում սույն թվականի հունիսի 28-ին, սակայն նույն ամսվա 20-ին ապօրինաբար ու բռնի ուժով ձեռբակալվել ու մինչ այժմ ապօրինի կալանքի տակ է պահվում Նուբարաշենի մեկուսարանում:
Ձերբակալման վայրկյանից սկսած իրավապահ մարմինները դիմել են ամեն քայլի, որպեսզի Աշոտից կորզեն Ա.Գ.-ի ցուցմունքին համընկնող ցուցմունք ու այդպիսով հիմնավորեն իրենց ապօրինի կալանքը: Այդ նույն օրը Աշոտը ցուցմունք է տվել, որ կտրականապես հրաժարվում է իր դեմ առաջադրված մեղադրանքներից: Սակայն իրավապահ մարմինները Աշոտին շարունակ համոզել, խաբել, խոստումներ են տվել, որ իր համար շատ մարդիկ են միջնորդել, առաջարկել են, որ նա գրի, իբր թե ինքն է մատնացույց արել տուժողին` նշելով մեքենայի համարը, գույնը, մակնիշը, որով տուժողը գումարը պետք է բերեր բանկ ու խոստացել, որ դրանից հետո նրան բաց կթողնեն: Սակայն Աշոտը հրաժարվել է այդ կեղծ, շինծու առաջարկից, որով նրան փորձում էին սարքել այդ սև գործի կազմակերպիչ: Իրավապահները չեն հանձնվում և դիմում են մեկ այլ կեղծիքի. համոզում են գրել հետևյալ բովանդակությամբ մի ցուցմունք, որ իբրև բանկի մոտ մի օր կանգնած են եղել Է.Կ.-ի հետ, երբ տուժողը թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ գումարով մտել է բանկ, որին էլ տեսնելով` Է.Կ.-ն հետաքրքրվել է, թե ով է այս մարդը և Աշոտն էլ պատասխանել է: Նմանօրինակ ցուցմունքով արդեն իսկ կապ է ստեղծվել տուժողի, հանցագործի ու Աշոտի միջև: 
Կրկին նշեմ, որ Աշոտը ձեռբակալությունից մեկ շաբաթ հետո պետք է պաշտպաներ թեկնածուական ատենախոսությունը, իսկ քսան օր հետո նշանադրվեր: Հավատալով իրավապահ մարմիններին` նա համաձայնում է ստորագրել և այսպիսով մեծ կեղծիքի զոհ է դառնում: Ավելացնեմ նաև, որ հետագայում, հասկանալով ամեն ինչ, հերքում է սուտ ցուցմունքը և տալիս ճիշտ, իրականությանը համապատասխանող ցուցմունք: 
Ձերբակալման հաջորդ օրը կազմակերպվում է առերեսում Աշոտի ու Ա.Գ.-ի միջև: 
Իմ ունեցած տվյալների ու փաստերի համաձայն այդ առերեսումն անցել է օրենքի կոպիտ ու ակնհայտ խախտումներով: Մասնավորապես`
• Առերեսման ժամանակ Աշոտի նախկին պաշտպանը բացակայել է 30-40 րոպեով /նախկին, որովհետև նրանից հրաժարվել է իր ծառայությունները պատշաճ չկատարելու պատճառով/;
• Բացակայության փաստը գրավոր չի արձանագրվել; 
• Առերեսման ժամանակ քննիչն ակնհայտորեն ուղղորդել է Ա.Գ.-ին, մինչդեռ պետք է լիներ քննողի ու անաչառ արբիտորի դերում;
• Ա.Գ.-ն բազմիցս ներողություն է խնդրել Աշոտից կեղծ ցուցմունք տալու համար, անգամ նշել է, որ ստիպված է գնացել այդ քայլին: Այս փաստը կրկին չի արձանագրվել;
• Չի արձանագրվել անգամ այն, որ Ա.Գ.-ն առերեսման ժամանակ երկու անգամ բացահայտ հրաժարվել է իր իսկ խոսքերից` պնդելով, որ Աշոտի ասածն է ճիշտ;

Հ.Գ. Ցավոք մեր բանտերում շատ են անմեղ դատապարտվածները և չափազանցված պատիժ կրողները: Ու դեռ կլինեն, քանի որ շատ են այնպիսիք, ովքեր մարդկանց ճակատագրեր խեղելու մենաշնորհ ունեն, իսկ նրանց միշտ էլ քավության նոխազներ են պետք...Անձամբ ճանաչելով Աշոտին` վստահ եմ, որ նա մեր ազգի համար պիտանի մարդ է և արդարությունը նրա կողմն է լինելու: Կոչ եմ անում բոլոր իմ ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում անարդարությունն ու կեղծիքը. միացեք մեզ, բողոքեք… պայքարեք արդարության համար, քանզի անարդարությունը մի օր էլ կարող է ձեր դուռը թակել…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել