Երկու օր առաջ, քաղաքային տրանսպորտում կողքիս նստարանին նստեց մի աղջիկ, որը գոտկատեղից ներքև հագել էր մի հագուստ, որը դժվարությամբ հիմա շալվար կանվանեմ: Դա ջինսե ծվծված կտորների կույտ էր և գրեթե ոչ մի հատված գոտկատեղից ներքև չէր ծածկում: 
Նմանատիպ հնամաշեցված ու ծակոտկեն ջինսե շալվարներ շատ էի տեսել, բայց սա լրիվ արտառոց էր, այնքան, որ ես անգամ ուշադրություն դարձրեցի:
Ու անկախ ինձնից՝ սկսեցի հայացքով տնտղել: Այդ աղջիկը նկատեց կենտրոնացած նայելս ու, մաստակը բերանին, հարցրեց.
- Ինչի՞ն եք նայում:
Ասացի.
- Ինչը երևում է, ինչը տեսանելի է, ինչը ցուցադրում ես՝ դրան էլ նայում եմ:
Ասաց.
- Բայց ես չեմ ցուցադրում, ուղղակի ինձ այսպես է դուր գալիս հագնվել, դա չի նշանակում, որ պետք է նայեք:
Ասացի.
- Աղջիկս (չնայած ինձնից երևի մի 10-12 տարի էր փոքր), վաղն էլ քեզ կարող է մերկ տեսքով հանրության մեջ դուրս գալն էլ դուր գա, պետք է նեղվե՞ս, որ նայեն: Եթե նեղվում ես՝ այլ կերպ հագնվիր, որ աչք չծակի: Մարդու արտաքինից նաև բնութագրում են մարդուն, այնպես որ՝ մի նեղվիր, եթե խեթ հայացքների կհանդիպես: Ես գոնե զարմացական հայացքով եմ նայում, բայց վստահ եմ, որ այս տեսքով այլ հայացքների ու դրանից բխող ռեպլիկների էլ ես արժանացել:
Երբեք մի մեղադրիր միջավայրին, որին դու ես պրովոկացիայի ենթարկում:
Լռեց: Ես էլ էլ չշարունակեցի ու մինչև իջնելս՝ այլևս ուշադրություն չդարձրեցի: 
Բայց զգացի, որ այդ խոսակցությունն ինչ որ չափ ազդեց, քանի որ, մինչ այդ կողքին դրված պայուսակը գրկեց ու փորձեց նրանով ծածկել ծնկից բարձր այն հատվածները, որտեղից ոտքի վերնամասն ամբողջությամբ երևում էր:
Հիշեցի տարիներ առաջվա մի դեպք: Դեռևս հայրական տանը ապրելիս, երբ դեռ նաև զինվորական էի, ունեինք մի հարևան, որի կրտսեր աղջիկը, կարելի է ասել՝ ձեռքերիս մեջ էր մեծացել: Բավականին գեղեցիկ ու բարեկազմ արտաքինով օրիորդ դարձավ: Շատ շնորքով ու դաստիարակված աղջիկ էր, բայց հագնվում էր շատ կարճ ու բաց հագուստեղեն:
Մի օր, շենքում վերելակին սպասելիս, տեսա, որ ինքն էլ է շքամուտք մտնում, իսկ աչքերը լացակումած էին: Հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ մինչև շենք հասնելը մի քանի անդաստիրարակ տղաներ անպարկեշտ առաջարկություն են արել, որից էլ նեղվել է:
Հայացքով ոտքից գլուխ նայեցի ու ասացի.
- Քրիստինե ջան (անունը պայմանական եմ հիմա գրում, քանի որ չեմ ուզում ճանաչողներն իմանան, թե ում մասին եմ հիմա ասում), մի րոպե հետս արի շենքի մուտքի մոտ, դեպի բակ:
Դուրս եկանք շենքի մուտքի մոտ: Ձեռքով ցույց տալով շենքի բնակիչներից մեկին, որը ոստիկան էր՝ ասացի.
- Կարող ե՞ս ասել, թե ինչ զբաղմունք ունի մեր հարևան Մ.-ն:
- Նա ոստիկան է:
- Ինչից այդքան հեշտ իմացա՞ր:
- Համազգեստից:
- Ապրես: Իսկ կարող ե՞ս ասել, թե այս պահին մասնագիտությամբ ես ով ե՞մ:
- Դուք զինվորական եք:
- Ապրես: Ինչի՞ց այսպես արագ կռահեցի՞ր:
- Համազգեստից:
- Կեցցես: Տեսնու՞մ ես, թե արտաքին տեսքի՞ց ելնելով մարդիկ ինչ են մտածում մարդու զբաղմունքի մասին: Հետևաբար, քո ներկա արտաքինը ոմանց հուշում է, թե դու հնագույն մասնագիտության ներկայացուցիչ ես: Այնպես որ, աղջիկս, հետևություն արա, թե ինչ տեսքով դուրս գաս հանրության մեջ, եթե քեզ մտահոգում է մարդկանց վերաբերմունքը: Բոլորից բարեկրթություն չես կարող պահանջել, մարդիկ բազմազան են, հետևաբար՝ նման իրավիճակից խուսափելու միակ ճանապարհը ինքդ քեզ հետևելն է: Ամեն ինչին սահման ու չափ կա, չեմ կարծում, որ հանրության մեջ անտակտ մարդիկ շատ են և եթե պարկեշտ տեսքով լինես՝ որևէ մեկը ծաղրի կամ անպարկեշտ առաջարկ անի:
Եվ իսկապես հաջորդ օրերից այլևս չտեսա նրան այդ կերպ հագնվելիս ...

Հ.Գ. Կից նկարները ես չեմ նկարել, ներբեռնել եմ համացանցից  )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել