Հունգարիա-Ադրբեջան գործարքը կարծես անակնկալի է բերել ողջ աշխարհին, համայն մարդկությանը:  Տեղի ունեցածն  իսկապես որ անցնում է մարդկության,  բարոյականության և նույնիսկ քաղաքականության թույլատրելի բոլոր սահմանները:  Համաձայն եմ,  իսկապես զարմանալու է….  Բայց արի ու տես, որ կա աշխարհում մի ժողովուրդ, որ ոչ միայն զարմացած չէ,  այլ ավելին՝ այդ  "ազգերի"  համար, խոսքս թուրքերի և ազերների մասին է,  նման վարքագիծը համարվում է օրինաչափ:  Ոչինչ այլևս չի զարմացնի ցեղասպանություն տեսած մի ժողովրդի, որը շուրջ մեկ դար թմբկահարում է աշխարհի բոլոր ամբիոնները՝ ասելով, խնդրելով, բացատրելով, որ հայ ժողովրդի արդարացի պահանջի բավարարումը կկանխի մարդկության դեմ ուղղված նման ոճրագործություններն ու հանցագործությունները:

Մեծարգո պրն. Օբամա այս իրադարձությունը Ձեզ էլ է կարծես զարմացրել, դուք էլ եք այն քննադատում: Կարծում եմ՝ իզուր, այն իսկապես տեղին չէ: Աշխարհի հզորագույն երկրներից մեկի առաջնորդը լինելով՝ պետք է,  որ լավ գիտակցեիք, որ անպատժելիությունը նոր հանցագործությունների տեղիք է տալիս: Նկատեցիք արդյոք, որ Ձեր անհետևողականության և ցեղասպանությունը չընդունելու հետևանքով  դուք էլ մի ապտակ ստացաք Ձեր գործընկերոջ ՝ Թուրքիայի կողմից, որին ատամներով պաշտպանում էիք: Չէ որ հենց վերջինիս ցուցումն էր Բաքվի նման վարվելակերպը՝ մեկ անգամ էլ փաստելու, որ թքած ունի ինչպես ամբողջ աշխարհի այնպես էլ Ձեզ վրա: Թերևս այս ամենը Ձեզ համար ընկալելի կլիներ այն դեպքում, երբ մի որևէ երկիր Սեպտեմբերի 11-ի տերորիստներին  հերոսի կոչում շնորհեր:  Դուք այդ երկիրը կջնջեիք քարտեզի երեսից: Թույլ մի տվեք, որ այդպիսի բան լինի,  կանխեք այն՝ դատապարտելով մարդկության  դեմ կատարված յուրաքանչյուր հանցագործություն: Մի մոռացեք, որ Ձեր նման ազդեցիկ երկրների դիրքորոշումից համայն աշխարհի խաղաղասեր մարդկանց ճակատագրերն են կախված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել